25.11.2024
Հայաստանի Հանրապետությունն այսօր տոնում է Անկախության օրը
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփն ու Էլիզաբեթ Երկրորդը շնորհավորել են ՀՀ վարչապետին

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից:


Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում մասնավորապես ասված է.


«Հարգելի Նիկոլ Վովայի,


Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, փոխադարձ հարգանքի և հոգևոր մտերմության վրա:


Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը, երկկողմ հիմքի վրա բազմակողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը: Դա, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների շահերին և համահունչ է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը:


Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, ամուր առողջություն և հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ բարեկեցություն և բարգավաճում»:



***


Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:


«Մեծարգո վարչապետ,


Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին՝ ձեր ազգային անկախության 27-րդ տարեդարձի առթիվ:


Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ օգնելու իրագործել կոռուպցիան արմատախիլ անելու, անկախ դատական համակարգի, քաղաքական և տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական ու հաշվետու կառավարում և իրավունքի գերակայություն հաստատելու ձեր ժողովրդի կամքը:


Շնորհակալություն ենք հայտնում տարբեր հարթակներում ձեր հաստատուն գործընկերության, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի գործողություններում ձեր մասնակցության և սիրիացի փախստականներին մեծահոգաբար ընդունելու համար:


Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ:


Այս տարին նաև նշանավորվում է Հայաստանի առաջին հանրապետության և հայ-ամերիկյան բարեկամության հարյուրամյակով: Լիահույս եմ, որ 100 տարի առաջ մեկնարկած մեր գործակցությունն այսուհետ առավել կամրապնդվի: Այս առանձնահատուկ հարյուրամյա հոբելյանի առթիվ լավագույն մաղթանքներս եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»,-ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:



***


Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը:


Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, հատկապես այս տարի, երբ Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը, և իմ ջերմ բարեմաղթանքները՝ հաջողություններ ու երջանկություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում:


Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը, և ակնկալում եմ, որ մեր բարեկամությունը և համագործակցությունը շարունակական կլինի»:



***


Նիկոլ Փաշինյանին ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կըցյանը.


«Ձերդ գերազանցություն,


Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ՉԺՀ կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին իմ սրտանց շնորհավորանքները և լավագույն մաղթանքները:


Անցած տարիների ընթացքում հայ-չինական բարեկամական համագործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ կայուն և դինամիկ զարգացում է ապրել: Երկկողմ բարձր մակարդակի սերտ շփումները և քաղաքական փոխվստահությունն անընդհատ ամրապնդվում են, համագործակցությունը զանազան ոլորտներում՝ խորանում՝ իրական նպաստ բերելով մեր ժողովուրդների կյանքում:


Չինական կողմը կարևորում է Հայաստանի՝ որպես գործընկերոջ դերը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման գործում: Ես պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու՝ մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների հետագա առաջընթացն ու տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունն ապահովելու նպատակով:


Մաղթում եմ Ձեր երկրին բարգավաճում, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:
Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն հաջողություն»:


***


Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:


«Մեծարգո Նիկոլ Վովայի,


Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է համայն հայության համար:


Հայ ժողովուրդն անցել է բարդ ու դժվարին ճանապարհ՝ կերտելով իր ազատ, անկախ պետականությունը, դիմակայել է բազում փորձությունների, ունեցել անդառնալի կորուստներ, կրել անասելի զրկանքներ: Սակայն միշտ հավատացել է իր պայքարի հաղթանակին, հավատացել է երազանքների հաղթանակին, որ փայփայել է դարեր շարունակ:


Հայաստանի Հանրապետության զարգացումն ու զորացումը բոլոր հայերի խնդիրն է, որի լուծման համար անհրաժեշտ է լինել էլ ավելի համախմբված ու միասնական, օգտագործել յուրաքանչյուրի ներուժն ու հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները: Բոլորիս պարտքն է՝ մեր ավանդը ներդնել հայրենիքի և հարազատ ժողովրդի պայծառ ու հուսալի ապագայի կերտման գործում:


Մեծարգո Նիկոլ Վովայի, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին նվիրական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարօրություն, մեծագույն հաջողություններ նոր հաղթանակների կերտման ճանապարհին»,-ասված է Արցախի Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: