VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որովհետև հասկանում է, որ գարնանը իր և իր ղեկավարած շարժման վարկանիշը զգալի անկում է ապրելու: Ձմռան դժվարությունները էապես նվազեցնելու են նոր իշխանության կողմնակիցների բանակը: Փաշինյանը հասկանում է, որ իրեն չի հաջողվելու սահմանադրական փոփոխություններ իրականացնել, այս խորհրդարանը չի քվեարկի այդ փոփոխությունների օգտին: Խորհրդարանը լուծարելու միակ հնարավոր տարբերակը մնացել է իր հրաժարականը: Իսկ որպեսզի ՀՀԿ-ական մեծամասնությունը չկարողանա դավադրաբար վարչապետի այլ թեկնածու առաջադրել և անցկացնել, Փաշինյանը մտադիր է շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել և շրջափակել խորհրդարանի շենքը՝ թույլ չտալով, որ առնվազն երկու շաբաթ խորհրդարանը նիստ գումարի: Նիկոլ Փաշինյանը այս ծրագիրը կիրականացներ հենց այսօրվանից, եթե չխանգարեր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` 2018թ. օգոստոսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում բողոքարկել է վերաքննիչ դատարանի որոշումը` Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին: Այս գործը մակագրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին: Միայն թե դատախազության՝ վճռաբեկ բողոք ներկայացնելու օրվանից անցել է 1 ամիս, սակայն դատարանը վարույթ չի ընդունել գործը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՀՀ Վճռաբեկ դատարանը 3 ամիս ժամկետ ունի` այս գործը քննելու համար: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, չի բացառվում, որ Վճռաբեկ դատարանը ժամկետի վերջին օրերին անդրադառնա այս գործին` որոշում կայացնելով այն վարույթ ընդունելու մասին: Չի բացառվում նաեւ՝ այս գործը ոչ թե վարույթ ընդունվի, այլ ուղարկվի ՍԴ, քանի որ առնչվում է նախագահի՝ Սահմանադրությամբ անձեռնմխելիության դրույթին: Հիշեցնենք` ՀՔԾ-ում քննվող մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Շանթ Հարությունյանի կողմից «Վարդաշեն» ՔԿՀ-ում տված մամուլի ասուլիսից հետո էլ նրան ազատ արձակելու ուղղությամբ որևէ գործողություն չի կատարվում։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։ Շահենի խոսքով՝ խնդիրը Փաշինյանի անձը չէ. «Խնդիրը քաղաքական իշխանության մեջ է։ Քաղաքական իշխանությունը և իշխանության գլուխ կանգնած անձը՝ վարչապետը, հայտարարում են, որ երկրում կա քաղբանտարկյալ։ Իսկ եթե կա, ապա ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում այլևս քաղբանտարկյալ չունենալու ուղղությամբ։ Դրանից հետևում է, որ ցանկություն կա լռեցնելու Շանթ Հարությունյանին, որ չարտահայտի իր քաղաքական գաղափարները»։ Շահեն Հարությունյանը նշեց, որ իրենք շարունակելու են պայքարը, որ Շանթ Հարությունյանի գործի վերաքննություն լինի։ Դրա համար տարբեր ճանապարհներ կան: Շահենը նաև նշեց, որ ինքը հոկտեմբերի 7-ից սկսելու է ակտիվ պայքար, փողոցային պայքար, բողոքի ակցիաներ է իրականացնելու, որոնք համընկնելու են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերի հետ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` նոր իշխանությունը փորձում է բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված ՀՀԿ-ականներին փոխարինել ՔՊ-ականներով: Ու սա այն դեպքում, երբ թավշյա հեղափոխությունից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը որպես առաջին քայլերից մեկը հայտարարեց բուհերն ապակուսակցականացնելու մասին: Բայց հիմա ստացվում է` նրանք եւս ընթանում են նախորդների ճանապարհով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԿԳ նախարար Ար. Հարությունյանը, անդրադառնալով այդ հարցին, ասել է. «ՔՊ-ականներ կլինեն, որովհետեւ նրանցից շատերը ներկայումս վարչական պաշտոններ են զբաղեցնում ե՛ւ կառավարությունում, ե՛ւ խորհրադարանում: Բազմաթիվ են ՔՊ-ականները, եւ մենք չենք կարող դրանից խուսափել: Բայց ներկայումս նույն ՔՊ ներկայացուցիչները, կառավարությունը եւ ԿԳՆ-ն մշակում են «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքը, որով կբացառվի որեւէ պաշտոնյայի ներկայությունը բուհերի կառավարման խորհուրդներում»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում լուրջ բացահայտումներ են սպասվում: Մասնավորապես չի բացառվում, որ պարզվի՝ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հոգանոց խմբի կողմից: Ասել է, թե իրավապահ համակարգի առանցքային ներկայացուցիչների (ու միգուցե ոչ միայն նրանց) հեռախոսազրույցները գաղտնալսելու համար աշխատել է մեծ թիմ՝ հանցավոր լուրջ խմբավորում: Թե ով կամ ովքեր են ներգրավված գործում, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Բայց ըստ մեր աղբյուրների` իրավապահների համար արդեն մոտավորապես պարզ են այդ հանցագործությունը կատարած անձանց շրջանակները»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ըստ դատախազության մեր աղբյուրների՝ այնտեղ քաոս է, բոլորը սպասում են, թե ինչպես է դասավորվելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ճակատագիրը։ Հիշեցնենք, որ դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը դատի էր տվել Դավթյանին՝ իրեն ապօրինի այլ աշխատանքի (զինդատախազի տեղակալ) տեղափոխելու համար, եւ շահել է դատը ու հետ եկել նախկին աշխատանքին։ Պարզվում է՝ նմանատիպ հայցով դատարան է դիմել նաեւ Երեւանի նախկին դատախազ Ռաֆիկ Ասլանյանը՝ նրան էլ էին տեղափոխել մեղադրանքների վարչության պետի պաշտոնին։ Դավթյանի պաշտոնանկության լուրերի ֆոնին դատախազության աշխատողները շատ զգուշավոր են դարձել եւ պահանջում են, որ իրենց տրվող հրահանգներն անպայման ձեւակերպվեն գրավոր․ «Որ վաղը-մյուս օրը մենք եւս խնդիր չունենանք»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին զգուշացվել է թիկնազորով չշրջել, քանի որ «ախրաննիկներին» «ասֆալտին փռելու ռեյդեր» են հայտարարված, ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին։ Առաջիկայում ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը շրջանառության մեջ կդնի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ «Հավաքների ազատության մասին» օրենքներում լրացումների նախագծերը, որոնցով կառաջարկվի ապահովել կաթողիկոսի անվտանգությունը: Գործող օրենքով պետականորեն ապահովված է միայն ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի անվտանգությունը: Մյուս փոփոխությամբ էլ առաջարկվում է արգելել հավաքները կրոնական կազմակերպություններին պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում իրավիճակը գնալով լարվում է: Եղեգնուտցիները վարչապետից պահանջում էին վերականգնել իրենց համայնքի նախկին ղեկավարին, որը, նրանց պնդմամբ, պաշտոնից ազատվել է մարզպետ Գագիկ Միրիջանյանի ճնշման ներքո, քանի որ վերջինս ուզում է համայնքի ղեկավարի պաշտոնում ԲՀԿ-ականի տեսնել։ Եղեգնուտ համայնքում այս խնդիրն ի հայտ է եկել Միրիջանյանի նշանակումից անմիջապես հետո։ Նա, փաստորեն, ստիպեց համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանին հրաժարականի դիմում գրել։ Մարգարյանը ճնշման տակ գրեց, բայց համայնքի ավագանին չընդունեց վերջինիս հրաժարականը։ Սակայն մարզպետն անդրդվելի մնաց և ավագանու կողմից գործող համայնքապետի հրաժարականը չընդունելու պարագայում նշանակեց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որը նրա հովանավորյալն է, և համայնքի կնիքն էլ հանձնեց նրան։ Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Եղեգնուտ համայնքի ղեկավարի հետ կապված խնդրի հետևում կանգնած է նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը։ Նա ևս աջակցում է նոր մարզպետին, որպեսզի համայնքի ղեկավար դառնա իրենց մարդը և անպայման լինի ԲՀԿ-ական»։