ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ ավելի վաղ հայտարարել էր ակտիվ քաղաքական դաշտ վերադարձի մասին, դեռ չի կողմնորոշվել՝ աջակցելու է Հանրապետական կուսակցությանը, թե իր սեփական ուժն է ունենալու: Այս մասին նա ասել է Կոմերսանտի հետ հարցազրույցում:
«Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել: Այդ թվում նաև այն պատճառով, թե ինչ է կատարվում»,- ասել է նա: Լրագրողի ճշտող հարցին՝ իսկ ի՞նչ է կատարվում, Քոչարյանն արձագանքել է, որ դժվար թե Հայաստանում մեկը գտնվի, ով գիտի, թե ինչ է կատարվում:
Նրա խոսքով, մայիսին Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն. «Կարծում եմ, Փաշինյանը զգաց բողոքավոր տրամադրությունները և ժամանակին դրանք գլխավորեց, ինչն էլ բերեց իշխանափոխության: Դա իսկապես տպավորիչ էր: Կար հոգնածութուն նախկին իշխանություններից, լճացում: Այլապես դժվար նման մասայական շարժում լիներ: Բայց գիտեք, կարելի է իշխանության գալ պոպուլիզմի վրա՝ նման օրինակներ ժամանակակից պատմությունը շատ ունի: Նման դեպքերում շատ հեշտ է գալ իշխանության և բավականին դժվար գնալ դրանից: Եթե դու գալիս ես իշխանության պոպուլիզմի վրա, ապա պետք է հեռանաս արժանապատիվ ու իրական արդյունքներով: Չորս ամիսները ցույց տվեցին, որ դեռևս կուտակվում են խնդիրները փաստացի բոլոր ուղղություններով: Եվ հենց դա է քաղաքականություն վերադառնալու պատճառներից մեկը»,- նշել է ՀՀ նախկին նախագահը:
Քոչարյանը կարծիք է հայտնել, որ Փաշինյանը շատ արագ այրվում է: Նա նաև սպառնալիքներ է տեսնում պետականությանն ու անվտանգությանը, քանի որ Հայաստանը պայթունավտանգ տարածաշրջանում է գտնվում: Երկիրը, ըստ նրա, չորս հարևան ունի, որից երկուսի հետ իր սահմանները փակ են և այսօր առկա է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակ: Բայց, ըստ նրա, դա նշանակում է պոտենցիալ պատերազմ, որը կարող է սկսվել ցանկացած պահի:
Հարցազրույցում նա անդրադարձել է նաև 2008 թվականի մարտի մեկի իրադարձություններին և նշել, որ պատասխանատվությունը այդ իրադարձությունների ու տասը զոհերի համար նաև նրանց վրա է, ովքեր հրահրել են բողոքի ակցիաները: Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ եղել է և՛ ընդդիմություն, և՛ իշխանություն և պատասխանատվությունը որոշակի առումով կիսվում է: