«Բա ու՞մ ընտրի». Արտակ Զեյնալյանը վստահ է՝ կընտրվի քաղաքապետ
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը վստահ է, որ սեպտեմբերի 23-ին հաղթանակն իրենն է լինելու: Ավելին՝ վստահ է, որ դա չի ազդի իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների վրա.
«Մեր հարաբերությունները բարիդրացիական են, իսկ ես կընտրվեմ Երևանի քաղաքապետ»,- լրագրողների հետ ճեպազրույցում վստահություն հայտնեց նա:
Հարցին՝ իսկ ինչո՞ւ պետք է երևանցին ընտրի իրեն, Արտակ Զեյնալյանը անկեղծ զարմացավ՝ «բա ու՞մ ընտրի»:
Նա նաև նշեց, որ իր համար շատ կարևոր է, որպեսզի Երևանի ավագանու ընտրություններում խռովածենր չլինեն և ընտրություններն ավարտվեն հաշտությամբ.«Պետք է պատրաստվել հետընտրական գործընթացին, չի կարելի հակադրվել, այդ աստիճան հակադրվածությունը հետվերադարձ չի կարող բերել»,- ասաց նա:
Քաղաքապետի թեկնածուն նաև ասաց, որ պատրաստ է բանավիճել մրցակիցների հետ, սակայն եթե կլինեն թեկնածուներ, ովքեր կխուսափեն բանավեճից «նրանց վատ դրության մեջ չեն դնի»:
«Սա աննախադեպ ընտրություն է Հայաստանի պատմության մեջ, քանի որ այսքան մեծ մրցակցություն նախկինում չի եղել: Ես ինձ համարում եմ այս ընրության օրինականության երաշխավորներից մեկը», - նշեց Զեյնալյանը: Իսկ հարցին, թե ինչպես է վերաբերում բաժանվող ընտրակաշառքի մասին լուրերին, արձագանքեց.
«Դրանք ասեկոսեներ են, քանի դեռ չեն հաստատվել փաստերով: Բայց դրանք մնացել են չհաստատված, ոստիկանությունն աշխատում է այդ ուղղությամբ»: