26.11.2024
Երևանի ընտրություններին 60,000 դրամ ընտրակաշառք է առաջարկվել. դատախազություն
prev Նախորդ նորություն

Թեժ է լինելու. ԵՄ դեսպանները մտահոգված են տեղի ունեցող խոսքի և մտքի տեռորով. Զոհրաբյան

Նոր Նորք վարչական շրջանում հանրահավաքի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իր հայտնի ելույթից հետո ողջ պետական ապարատը մոբիլիզացվեց սոցիալական ցանցերում իր դեմ կեղտոտ քարոզչություն տանելու համար և ինքը դիմել է եվրոպական կառույցներին այս հարցի առնչությամբ:

VERELQ-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը պարզաբանեց.

«Ես երեկ հստակ ասացի, որ հասկանում եմ, որ ճշմարտությունը շատ ծանր բան է և քչերն ունեն այդքան համարձակություն և տղամարդկություն ճշմարտության աչքերին նայելու, բայց սոցիալական ցանցերի բոլորն ակտիվ օգտատերերը տեսնում են, թե այս երկու օրը համացանցում ինչ կեղտոտ, անբարո և զազրելի քարոզարշավ է սկսվել իմ դեմ, որին գործի են դրված հազարից ավելի ֆեյքեր, որոնք համակարգում է ծագումով ղարաբաղցի ոմն Աշոտ, որի դեմ ևս ես իրավական գործընթաց եմ սկսել եվրոպական կառույցներում: Այդ ֆեյքերի ամբողջ ցանկն այլևս մեր ձեռքերում է, քանի որ նրանք շատ պրիմիտիվ, տգետ ու փնթի են իրենց աշխատանքի մեջ, որ նույն նկարով առնվազն մի քանի տասնյակ ֆեյքեր ունեն, նաև երեխաների նկարներով ֆեյքեր, ովքեր հասուն տղամարդում հայհոյանքներ են տալիս»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետի թեկնածուի խոսքով, իր դեմ արշավին ներգրավված են եղել տասնյակ նախարարությունների աշխատակիցներ, ի դեպ՝ նաև երիտասարդ կանայք, ովքեր ամենագռեհիկ, խուլիգան տղամարդու հայհոյանքներ են զետեղել իմ հասցեին: Նաև նշեց կոնկրետ Սփյուռքի նախարարության աշխատակիցներին, որոնք այս իմաստով ամենից շատն են աչքի ընկել: Այս ամենը, ասաց Զոհրաբյանը, ուղարկված է բոլոր միջազգային կառույցներին և տրամադրված է Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչին.

«Իրենք մի բան են մոռանում, որ քաղաքապետի թեկնածու լինելուց բացի ես նաև ՀՀ ԱԺ Եվրաինբտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն եմ և գործիչ, որը շատ մեծ հեղինակություն և ազդեցություն ունի միջազգային կառույցներում և ես ցավում եմ, որ իրենք ամենավատը ծառայությունը մատուցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ես խոստանում եմ, որ լինելու են խոսքի ազատության, խղճի և մտքի ազատության հետ կապված լրջագույն հայտարարություններ միջազգային ամենահեղինակավոր կառույցներից: Կարծում եմ, որ վարչապետը պիտի սանձի իր նախարարիկներին, որոնց ենթակայության տակ գտնվող աշխատակիցները, օգտագործելով պետական ռեսուրսները, զբաղված են զազրախոսությամբ և վայրահաչությամբ»:

Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ այսօր սկսում է հանդիպումների շարք ՀՀ-ում ԵՄ դեսպանների հետ, որոնցից շատերը հենց իրենք են դիմել այդ հանդիպումներն անցկացնելու խնդրանքով, քանի որ նրանք ևս մտահոգված են երկրում տեղի ունեցող խոսքի, մտքի տեռորի հետ կապված.

«Միայն մեկ բան կարող եմ խոստանալ՝ թեժ է լինելու, շատ թեժ է լինելու ձեզ համար, հարգելիներս»,- հավելեց նա: