26.11.2024
Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն
prev Նախորդ նորություն

Սկանդալային գաղտնալսման հետքերով․ ի՞նչ էին փնտրում իրավապահները Yerevan Today-ում

Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյան
Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյան

Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել ոստիկանության և քննչական կոմիտեի կողմից կայքի խմբագրությունում կատարված խուզարկությունից: Լրագրողների հետ զրույցում Սևակ Հակոբյանը նշեց, որ կատարվածը իր համար տարօրինակ է:


«Այն, որ ոստիկանության տեղեկություններով մեր կայքում գաղտնալսման խոսակցությունը ավելի շուտ է դրվել, ես համարում եմ անպատասխանատու գործելակերպ: Ես սա համարում եմ մեր գործունեությանը վնասելու փորձ»,-ասաց նա:


Այսօր առավոտյան ժամը 8.30-ին Ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ տասնյակ աշխատակիցներ մուտք են գործել yerevan.today լրատվական կայքի խմբագրություն, ներկայացրել են խուզարկություն անցկացնելու վերաբերյալ դատարանի և քննչական մարմնի որոշումները։


Սևակ Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջիկայում մամուլի ասուլիսով հանդես կգան: «Այս պահին կարող եմ միայն ասել, որ առգրավել են իմ համակարգիչը, մյուս համակարգիչների կոշտ սկավառակները: Ընդ որում, դա կատարվել է կրկնակի ստուգումների արդյունքում: Իրենք արձանագրեցին, որ տեղեկատվությունը, որի համար եկել էին, մեր կայքում հրապարակվել է շատ ավելի ուշ, քան տարածվել է, բայց դրանից հետո ինչ իրենց պետք էր առգրավեցին ու գնացին»,- ասաց Հակոբյանը:


Հիշեցնենք, օրեր առաջ yerevan.today-ը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը, իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր:


Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության: Հայտնում ենք, որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին, ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչ մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները: Կայքում տեղադրել ենք 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն»:


Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Yerevan Today կայքի հետ ի՞նչ կապ ունի, Սևակ Հակոբյանը վստահեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը կայքի սեփականատերը չէ ու ընդհանրապես ոչ մի կապ չունի կայքի հետ: