Ադրբեջանի ագրեսիան ստանալու է հակահարված՝ դուխով հայ ժողովրդի կողմից. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ նախագահ Մակրոնը հետաքրքրվում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հայկական պատկերացումներով և նրանով` արդյոք կա հնարավորություն լրջորեն քննարկել հարցի կարգավորումը:
Փաշինյանը նշել է, որ մտքեր են փոխանակել այս հարցի կապակցությամբ, և ինքը Մակրոնին ասել է, որ իր կարծիքով` Ադրբեջանի ղեկավարն իրականում այդքան էլ անկեղծ չէ, երբ խոսում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, որովհետև դա հնարավոր է, երբ տարածաշրջանում կա կարգավորման մթնոլորտ:
«Սպառնալիքների պայմաններում խոսել կարգավորման մասին այնքան էլ իրատեսական չէ, եթե միջնորդներն իսկապես ուզում են, որպեսզի զբաղվենք կարգավորմամբ, իսկ մենք պատրաստ ենք կարգավորման, առաջին հերթին պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին: Եթե վերջինս մտածում է, որ սպառնալիքներով կարող է մեզ զիջման մղել, ապա սխալվում է: Այսօրվա Հայաստանը ուրիշ Հայաստան է, որն աշխարհի բոլորին հայերին դիմում է այնպես, ինչպես այսօր ձեզ դիմեցի, որի շուրջ համախմբված է ողջ հայությունը: Տվյալ դեպքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը ստանալու է հակահարված՝ համախմբված և դուխով հայ ժողովրդի կողմից»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: