29.11.2024
Զինծառայողները Մարտի 1-ին կրակել են Լեոյի շենքերի պատշգամբների ուղղությամբ․ ՀՔԾ պետ
prev Նախորդ նորություն

Վաչագան Ղազարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ պահանջելով անվավեր ճանաչել իր կողմից 2018-ի վերաբերյալ ներկայացված գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրն ընդունելու ու հրապարակելու գործողությունները եւ ոչնչացնել 2017-ի տարեկան եւ 2018-ի՝ պաշտոնի դադարեցման հայտարարագրերը։ Հայտնում է Ազատությունը:


Փաստաբան Արմեն Հարությունյանն հայտնել է, որ իրենց մատնանշած հայտարարագրերը հենց այն փաստաթղթերն են, որոնց հիման վրա քրեական գործ է հարուցվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում Ղազարյանի ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:


Այս քրեական գործով մեղադրվում են Վաչագան Ղազարյանն ու նրա կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ սկզբում կալանավորված Վաչագան Ղազարյանը կալանքից ազատ արձակվեց 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։


Հարությունյանը պնդեց՝ ապրիլի 9-ից հետո Վաչագան Ղազարյանը դադարել է լինել պաշտոնատար անձ, հետեւաբար եւ հարուցված քրեական գործի սուբյեկտ։ Ղազարյանը մինչեւ մայիսի 17-ը զբաղեցնում էր Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը։


Հարությունյանը շեշտեց՝ Ղազարյանին մեղադրանք են առաջադրել այն արարքի համար, որն ապրիլին 9-ից ապաքրեականացվել է։


Ըստ փաստաբանի, հանրային ծառայության մասին փոփոխված օրենքով նախատեսված է բացառություն՝ պաշտոնը թողնելու դեպքում Ղազարյանը պարտավոր չէր հայտարարագրեր ներկայացնել։