Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈՒ ծառայակիցները Մարտի 1-ի դեպերի ժամանակ կրակել են Լեո փողոցի բնակելի շենքերի պատշգամբների ուղղությամբ այն բանից հետո, երբ դրանցից վառվող շիշ է շպրտվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Նա նշում է, որ 2008-ի իրադարձությունների ժամանակ զինվորները շաբաթներով ծառայել են առանց հերթափոխի, քանի որ նրանց մի մասը հավաքել էին սահմանից, ինչը խնդիրներ է ստեղծել։ Նախկին պաշտոնյանըերը, ասաց նա, վարձկան են սարքել մեր զինվորներին։ «Փետրվարի 23-ից մարտի 7-8-ը բանակի զինվորներին տվել են գումար, որ նրանք պաշտպանեն իրանց ունեցվածքը», - ասում է Խաչատրյանն ու ցույց է տալիս մատյան, որտեղ, իր խոսքերով, հատ-հատ թվարկած են օլիգարխների հաշիվներից հանված գումարներ, գումարները ստացած զինվորների անուններ՝ ստորագրությամբ։
Խաչատրյանը, սակայն, որևէ անուն չհնչեցրեց՝ նշելով, որ կանի դա առաջիկայում. «Ասեմ, որ փախնե՞ն»,- նշեց ՀՔԾ պետը:
Նա նոր մանրամասներ բացահայտեց Մարտի մեկի քրեական գործի վերաբերյալ:
Նախ՝
1. ՀՀ ԶՈՒ զինծառայողներն ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի շենքերի, պատշգամբների ուղղությամբ, երբ այդ պատշգամբներից վառվող շիշ է նետվել:
2. 0098 հույժ գաղտնի հրամանից հետո որոշվել է Երեւանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, ինչի հետեւանքով սահմանում կանգնած զինվորները հերթապահել են առանց հերթափոխի եւ արդյունքում ստեղծվել են շատ վտանգավոր իրավիճակներ, եղել է նաեւ դիվերսիա:
Սասուն Խաչատրյանի հաջորդ բացահայտումն այն է, որ
3. նախկին պաշտոնյաները, օլիգարխները բանակի զինվորներին գումար են տվել՝ իրենց ունեցվածքը, քաղաքական նկրտումները պաշտպանելու համար: ՀՔԾ պետն ասաց, որ այդ գումարները հանվել են կոնկրետ պաշտոնյաների անձնական հաշիվներից, իսկ այդ պաշտոնյաների ու օլիգարխների անունները եւս կհրապարակվեն:
Եւ ամենասարսափելի բացահայտումը՝
4. Մարտի մեկի արյունալի դեպքերի ժամանակ զոհված Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն մտցրել էր արտակարգ դրություն, բայց որեւէ այլ զոհ չկար:
Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ այս բոլոր հանգամանքները ապացուցված եւ հիմնավորված են քրեական գործի նյութերով:
Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի գործով» Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երկրորդ նախագահը գործում ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Նա կալանավորվեց առաջին անտյանի դատարանի վճռով, սակայն Վերաքննիչ դատարանը ազատ արձակեց Քոչարյանին անձեռմխելիության հիմքով։
Նույն հոդվածով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաեւ 2008թ. հետընտրական իրադարձությունների ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Միքայել Հարությունյանին եւ այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: