Ահաբեկիչները քիմիական զենք են արտադրում Սիրիայում. ՌԴ ԱԳՆ
Ահաբեկիչները հնարավորություն են գտել Սիրիայում քիմիական զենքի արտադրության համար, նրանք նաև նյութական և տեխնիկական աջակցություն են ստանում արտասահմանից: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը:
«Սիրիայում, ինչպես նաև հարևան Իրաքում ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ գրոհայինները հափշտակել են համապատասխան սարքավորումներով քիմիական ձեռնարկությունների և քիմիական զենքի արտադրության վերաբերյալ գիտատեխնիկական փաստաթղթեր, բացի այդ, քաղաքացիական և զինվորական քիմիկոս մասնագետներին ներգրավել են ռազմական թունավոր նյութերի ստեղծմանը»,- ասել է Սիրոմոլոտովը:
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ նա չէր ցանկանա ենթադրություններ հայտնել «Արևմուտքի երկրներից սիրիացի գրոհայիններին քիմիական նյութերի մատակարարմանը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հնարավոր ներգրավվածության հարցի առնչությամբ»: