Երևանից այլևս որևէ մեկը, որևէ լումա չի գողանալու. քաղաքապետի թեկնածու
Ես ամեն օր, ամեն ժամ լինելու եմ հասանելի երևանցու համար և ամեն պահի լինելու եմ նրա կողքին՝ ցանկացած ահազանգին ի պատասխան: Այս մասին Նուբարաշենում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ իր համար Երևանի հարցում մեծ և փոքր խնդիր չկա.
«Եթե կա խնդիր, ուրեմն քաղաքային իշխանությունը պարտավոր է լինել այդտեղ իր քաղաքապետով: Ես չեմ ունենալու թիկնապահներ, որովհետև երևանցու հետ թիկնապահի բարիկադներից չպիտի խոսեն: Ես ամեն օր ոտքով շրջելու եմ բոլոր փողոցներում, երևանցին է հուշելու, թե այս կամ այն խնդիրը ինչպես է ճիշտ լուծել, որովհետև ամեն օր երևանցիներն են այդ խնդիրներին բախվում»,- հայտարարեց նա:
Զոհրաբյանը նաև հայտարարեց, որ Երևանից այլևս որևէ մեկը, որևէ լումա չի գողանալու, ինքը «հարյուր անգամ ավելի պինդ ու ուժեղ է լինելու ուժային բոլոր կառույցներից՝ ոստիկանությունից, ԱԱԾ-ից».
«Երևանում ԱԱԾ պետք չի լինելու, որովհետև եթե քաղաքապետը անկաշառ է, եթե քաղաքապետին հնարավոր չէ կաշառել, ուրեմն իմացեք՝ նրանից ներքև որևէ մեկը չի համարձակվի անգամ մեկ լումա վերցնել»,- շեշտեց նա: