25.11.2024
Պուտինը Բաքու կայցելի սեպտեմբերի 25-ին
prev Նախորդ նորություն

1 մլրդ դոլար. ՀՀ-ն ու Վրաստանը պայմանավորվել են կտրուկ ընդլայնել առեւտուրը

Հայաստանն ու Վրաստանը հետագա հարաբերությունների զարգացման բավականին ամբիցիոզ խնդիրներ են ձեւակերպել: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ բանակցություններից հետո:


Նա նշեց, որ հայ-վրացական հարաբերությունները փայլուն են եւ «մենք խնդիր ունենք տնտեսական բաղադրիչը համապատասխանեցնել մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին»: «Մեր փոխայցելությունները պարբերական բնույթ ունեն եւ շարունակելու այդպիսին լինել»,- նշել է Փաշինյան ու հավելել, որ Վրաստանի վարչապետի հետ քննարկել են Հայաստանի համար շատ կարեւոր նշանակություն ունեցող տրանսպորտային հարցերը:


Նշենք, որ Վրաստանի դերը ՀՀ-ի համար դժվար է թերագնահատել, քանի որ Հայաստանի բեռնափոխադրումների 70 տոկոսից ավելին տեղի է ունենում Վրաստանի տարածքով: Հաշվի առնելով Հայաստանի Թուքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակված լինելու հանգամանքը՝ Վրաստանը դեպի արտաքին աշխարհ ՀՀ-ի համար կարեւոր միջանցք է:


Փաշինյանի խոսքով, բնակցությունների ժամանակ քննարկվել են տնտեսական եւ քաղաքական փոխգործակցության տարբեր հարցեր: «Կարեւոր արձանագրումն այն է, որ այս այցի արդյունքներով նոր խթան կստանան մեր քաղաքական, տնետսական ու հումանիտար հարաբերությունները: Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել եւ մենք այն ամբողջությամբ ընդունում ենք, որ առաջիկա տարիների ընթացքում երկկողմ առեւտրաշրջանառությունը հասցնենք 1 մլրդ դոլարի», - ասաց նա:


Սա մի կոնկրետ թեմա է, նշում է ՀՀ վարչապետը, որի վերաբերյալ պետք է աշխատանքներ տանել ու ունենալ հստակ ճանապարհային քարտեզ: «Մենք պետք է պայմանավորված քայլերով գնանք դեպի այդ խնդրի լուծումը», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում տեղի կունենա երկու պետությունների միջկառավարակաան հանձնաժողովի նիստը: «Խնդիր կդրվի ձեւավորել կոնկրետ ճանապարհային քարտեզ մեր առեւտրա-տնտեսական հարաբերությունները զարգացենոլւ համար»,- նշեց նա:


Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների 2017 թ-ին Հայաստանի ու Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է շուրջ 250 մլն դոլար:


Հավատում են, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները տարբեր ոլորտներում ավելի կակտիվանան, իր հերթին նշեց Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Բանակցությունների ժամանակ, նրա խոսքով, քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի, տուրիզմի, հումանիտար ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր:


«Մեր երկրներն անկախությունից հետո հաստատել են փոխշահավետ համագործակցություն: Ես հավատում եմ, որ մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում ավելի կակտիվանան: Մենք քննարկումների արդյունքում հասկացանք, որ ունենք չօգտագործված ներուժ»,- ասաց Բախտաձեն:


Վրաստանի վարչապետն ընդգծեց, որ առաջիկայում կկայանա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի խնդիրն է լինելու տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու ծրագրի մշակումը: Մամուկա Բախտաձեն նաեւ շեշտեց, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ հարաբերությունների ակտիվացումը: