25.11.2024
Հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն չեմ տեսնում. ՀՀ նախագահ (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Անհրաժեշտ է սկսել քննարկումներ «fake news»-ի խնդրի լուծման համար.Արփինե Հովհաննիսյան

Անհրաժեշտ է շահագրգիռ կողմերի հետ սկսել քննարկումներ կեղծ լուրերի կամ այսպես կոչված «fake news»-ի խնդրի լուծման համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով պատրաստակամություն է հայտնել այս հարցում աջակցել լրատվամիջոցներին:


Նա նաեւ մի շարք լուծումներ է առաջարկել՝ նշելով.


«Սա խնդիր է, որին առերեսվում ենք ոչ միայն մենք, այլեւ ամբողջ աշխարհը, եւ որի մասին բարձրաձայնում են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյանները։ Սա է պատճառը, որ տարեսկզբից սկսած օրենսդրական նախաձեռնություններ են ներկայացվում տարբեր երկրներում՝ Ֆրանսիա, Իսպանիա եւ այլն։ Խնդիրը հրատապ է, քանի որ կեղծ լուրերը ոչ միայն ապակողմնորոշում են հասարակությանը, այլեւ դիտարկվում են որպես տեղեկատվություն ստանալու, տարածելու իրավունքը ոտնահարելու միջոց։


• Ինչպես հիշում եք, ժամանակին հեղինակել էի «Հեղինակային իրավունիքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կամ այսպես կոչված «քոփի-փեսթի» դեմ ուղղված օրենքի նախագիծը։ Ես այն կարծիքին եմ, որ օրենքը որոշակիորեն նպաստեց ոլորտի կարգավորմանը, սակայն դատական պրակտիկան վերհանեց որոշակի խնդիրներ, որոնք խոչընդոտում են իրավունքների պաշտպանությանը։ Այսպես՝ օրենքի խախտմամբ նյութի տեղադրման դեպքում, նյութի հեղինակը ամեն անգամ ստիպված է լինում ապացուցել նյութը <<քոփի>> անելու հետեւանքով իրեն պատճառված վնասի առկայությունը, որպեսզի ստանա հատուցում։ Սա լրացուցիչ բարդություն է, քանի որ հաճախ շատ դժվար է հաշվարկել, թե կոնկրետ ինչ չափի վնաս է հասցվել։ Բացի այդ, վնաս է հենց այն, որ աշխատանքը կատարում է մի լրագրող, իր գործատու կայքի համար, այցելություններ ու ընթերցողների առատություն որպես «բոնուս» շահում է մեկ այլ կայք: Առաջարկվող լուծումը կլինի այն, որ անձը կստանա հատուցում, ընդամենն ապացուցելով իրավախախտի կողմից նյութը տեղադրվել է առանց օրենքի դրույթների պահպանման (ակտիվ հղում եւ նյութի ոչ ամբողջական վերարտադրություն)։


• Մասնագետների եւ շահագրգիռ կողմերի հետ փորձելու եմ լուծումներ գտնել էլեկտրոնային լրատվական միջոցների համար պատասխանատու անձանց նույնականացնելու համար, որպեսզի յուրաքանչյուր անձ իր իրավունքների խախտման դեպքում հստակորեն իմանա, թե ում դեմ կարող է ներկայացնել իր պահանջը։ Խնդիրը բավական բարդ է, սակայն, կարծում եմ, որ հնարավոր կլինի ներկայացնել լուծման գործուն մեխանիզմ։ Պահանջները նախատեսելուց բացի, հենց մասնագետները պիտի հուշեն եւ կոնսենսուսի գան, թե ում վերապահել այդ պահանջների չկատարման վերահսկողությունը եւ պատասխանատվության ենթարկելը: Սա կարեւոր է հատկապես որ տպագիր եւ էլեկտրոնային մամուլը գործեն հավասար կանոններով եւ լինեն պատասխանատվության միեւնույն տիրույթում:


• Այս պահին կիսալուծումների տիրույթում է վիրավորանք եւ զրպարտություն պարունակող գրառումների եւ մեկնաբանությունների (այդ թվում` կեղծ օգտատերերի կողմից) հեռացման, ինչպես նաեւ դրանց համար պատասխանատվության հարցը։ Միջազգային պրակտիկան նման գրառումների համար առաջարկում է մի շարք լուծումներ՝ ամենաբարդից մինչեւ ամենապարզ։ Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում մեզանում վիրավորանք, զրպարտություն, ատելություն պարունակող խոսքն է գերակշռող դարձել։ Իհարկե սա միայն մեզ չէ, որ հատուկ է, ու ժամանակ առ ժամանակ ատելության խոսքի բռնկում է տեղի ունենում մի շարք երկրներում եւս, օրինակ Մեծ Բրիտանիայում՝ Բրեքսիտով պայմանավորված, Իտալիայում՝ փախստականների ներհոսքով եւ այլն։


Խոսքի ազատության բնագավառում միջազգային ամենահայտնի կազմակերպություններից մեկը այս տարվա ընթացքում հրապարակել է առանձին զեկույցներ մի շարք եվրոպական երկրներում ատելության խոսքի վերաբերյալ՝ նշելով ոչ միայն խնդիրները, այլ նաեւ հնարավոր լուծումները։ Հայաստանյան վերջին իրադարձությունները, կարծես թե, դարձան յուրօրինակ լակմուսի թուղթ մեզ համար, առավել ակնառու դարձրեցին ոլորտում առկա խնդիրները, սկիզբ դրեցին լուծման ուղիների վերաբերյալ հասարակական բանավեճի։ Առաջարկվող լուծումները, իհարկե, տարբեր են, երբեմն չափազանց կտրուկ՝ որոշ դեպքերում առաջարկելով նախատեսել ընդհուպ քրեական պատասխանատվություն։ Ես այն կարծիքին եմ, որ մի կողմից չի կարելի անտեսել կուտակված խնդիրները, մյուս կողմից լուծումը պետք է լինի այնպիսին, որը մի իրավունքի պաշտպանությունը չզոհաբերվի մյուսին՝ ապահովելով ինչպես խոսքի ազատության իրավունքի, այնպես էլ անձի պատվի ու արժանապատվության, անձնական կյանքի պաշտպանվածության իրավունքը։ Չեմ ցանկանում որեւէ բանաձեւված լուծում առաջարկել, կարծում եմ` բազմաշերտ քննարկումների ընթացքում կհանգենք որոշակի լուծումների։