Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն առանձնահատուկ տեղ ու նշանակություն ունեն: Այս մասին Ռուսաստան այցից առաջ «Զինուժ» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի մամուլի խոսնակը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել ՀՀ Պաշտպանության նախարարության Զինուժ հաղորդաշարին: «Վարչապետն անդրադարձ է կատարել ՀՀ զինված ուժերի մարտունակությանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեխանիզմներին և հնարավորություններին, հայ-ռուսական համագործակցությանն ու ՀԱՊԿ գործունեությանը», - ասված է նրա Facebook-յան գրառման մեջ:
ՀՀ վարչապետը Մոսկվա կայցելի սեպտեմբերի 8-ին, որտեղ հանդիպում կունենա ռուսաստանցի իր գործընկերոջ Վլադիմիր Պուտինի հետ: Սեպտեմբերի 6-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Մոսկվայում անկեղծ զրույցում կքննարկեն կուտակված հարցերը, այդ թվում՝ համատեղ գործակցությունը ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում:
«Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր, այնպես էլ հայկական կողմի մոտ, այդ իսկ պատճառով մենք ակնկալում ենք անկեղծ, լուրջ խոսակցություն բոլոր հարցերով, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ գործընկերությանը միջազգային կազմակերպություններում՝ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում»,- ասել էր նա:
Ավելի վաղ, Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաեւ գործակցությունը Եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում:
Սեպտեմբերի 8-ի հանդիպումը կլինի ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի երրորդ հանդիպումը։ Առաջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են Սոչիում մայիսի 14-ին ՝ ԵՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Հաջորդ հանդիպումը կայացել է հունիսի 13-ին՝ Մոսկվայում, Փաշինյանն այցելել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը:
Հարցազրույցում, որի անոնսն իր Facebook-յան էջում հրապարակել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը, կառավարության ղեկավարն ասում է, որ հայկական կողմը ցանկանում է էականորեն բարձրացնել այդ ՌԴ-ի հետ հարաբերությունների արդյունավետությունը: «Մենք հույս ունենք այդ հարաբերությունների արդյունավերտությունն էականորեն մեծացնել: Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային եւ շատ ավելի եղբայրական», - նշում է Փաշինյանը:
Այուհետեւ նա անդրադառնում է ՀԱԿՊ-ի շրջանակներում Հայաստանի պարտավորություններին՝ նշելով, որ այս խնդիրը զգում են նաեւ դաշինքի մյուս անդամ պետությունների ղեկավարները:
«ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում, ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս նույն հարցը կա նաեւ նրանց մոտ: Առաջինը՝ արձանագրել խնդրի գոյությունը, եւ համբերատար, դաշնակցային մթնոլորտում եւ տրամաբանության մեջ քննարկել հարցերը, որպեսզի մենք իմանանք, թե ինչ պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության առաջ եւ ինչ պարտավորություններ ունի Հայաստանը ՀԱՊԿ-ի եւ նրա անդամ պետությունների առաջ», - նշում է վարչապետը: