ՀՀ իշխանությունը պետք է պահպանի հայ-ռուսական հարաբերությունների նախկին վիճակը. Ֆարմանյան
Ես ուրախ կլինեի, եթե աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում Հայաստանի գործող իշխանությունը գոնե պահպաներ հայ-ռուսական հարաբերությունների նախկին վիճակը: Այդ հարաբերությունների բովանդակային խորացումների մասին էլ չի խոսում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Ինչպիսին էլ մեր ցանկությունները լինեն, սակայն դրանից անկախ միջազգային հարաբերություններն ունեն իրենց անխախտ կանոնները»,- հայտարարեց նա՝ նշելով, որ տարածաշրջանի և աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակը գնահատում է չափազանց վտանգավոր:
Ֆարմանյանի խոսքով, եթե նախկինում Հայաստանը պարտավոր էր արտաքին քաղաքականության ոլորտում լինել բավական զգուշավոր, ապա այժմ դժվար է ասել՝ նույնիսկ սայթաքումներ թույլ տալու հնարավորություն ունենք, թե ոչ: Թեպետ ինքը դրա պատասխանն ունի՝ չունենք:
«Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու խորացումը առաջնային նշանակություն ունի: Իշխանությունների կողմից հայ-ռուսական հարաբերություններում ձեռնարկվող քայլերը պետք է բխեն ազգային-պետական շահերից, իսկ դա ենթադրում է Հայաստանի արտաքին քաղաքական նախորդ կուրսի շարունակություն: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք տեղ գտած իրողությունների առթիվ: Եվ հուսով եմ, որ բոլոր գործողությունները, որոնք մեր իշխանությունների կողմից ձեռնարկվում են կամ կձեռնարկվեն, կբխեն բացառապես ՀՀ ազգային պետական երկարատև շահերից, նախկին փորձի համակողմանի ուսումնասիրությունից բխող որոշումներ կլինեն: Հուսանք, մի օր կվերանան նաև այն խութերն ու մտահոգությունները, որոնք արտահայտում ենք ոչ միայն ես ու իմ շատ գործընկերներ, այլև շատ անաչառ փորձագետները», - հավելեց նա: