Արդարադատության նախարարությունը շահագրգռված է համաներում հայտարարել
Արդարադատության նախարարությունը շահագրգռված է համաներում հայտարարել: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին:
Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրեց փոխնախարարին, որ վերջին անգամ համաներում Հայաստանում հայտարարվել է հինգ տարի առաջ, իսկ քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են: նա պաշտոնյայի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ ներկայումս անազատությունում են մարդիկ, որոնք, ըստ էության, հանրության համար վտանգ չեն ներկայացնում և ինքը անձամբ դիմել է նախարարին համաներում հայտարարելու համար:
Իր հերթին, փոխնախարարը նշեց, որ չի կարող տեղեկացնել՝ քննարկումներ այս հարցի շուրջ ընթանում են, թե ոչ, քանի որ դա փակ տեղեկատվություն է մինչ այն պահը, երբ համաներումը հայտարարվում է: Բայց և համաձայնեց Նաիրա Զոհրաբյանի գնահատականի հետ, որ ՔԿՀ-ները գերծանրաբեռնված են և ընդգծեց, որ նախարարությունն ինքը շահագրգռված է այն հայտարարել:
Հիշեցնենք, վերջին անգամ Հայաստանում համաներում հայտարարվել է 2013 թվականի հոկտեմբերի 3-ին՝ հանրապետության անկախության 22-ամյակի կապակցությամբ, իսկ մինչ այդ՝ 2011 և 2009 թվականներին: