Պոմպեոն եւ Չավուշօղլուն քննարկել են Բրանսոնի գործը եւ Սիրիան
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում իրավիճակը եւ ամերիկյան քահանա Էնդրյու Բրանսոնի գործը, հաղորդում է Պետդեպը:
Զրույցի ընթացքում դիվանագետները համաձայնել են, որ «Սիրիայի կառավարության սպասվող ռազմական հարձակումը Իդլիբի վրա անընդունելի եւ անիմաստ էսկալացիա կլինի»: Նրանք նաեւ համաձայնել են շարունակել Բրանոնի ազատման հարցի վերաբերյալ քննարկումները:
Նշենք, որ Բրանսոնի գործը Անկարայի եւ Վաշինգթոնի հարաբերությունների լարվածության պատճառներից մեկն է: Թուրքիայի իշխանությունները Բրանսոնին մեղադրում են լրտեսության, քուրդ ապստամբներին եւ անցյալ տարվա պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին սատարելու մեջ: Նրան սպառնում է 35 տարվա բանտարկություն:
Վաշինգթոնը կարծում է, որ նա անմեղ է, եւ նրա կալանավորումն ու դատը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորված: ԱՄՆ-ն պնդում է Բրանսոնին ազատելու եւ հայրենիք վերադարձնելու մասին: Դրա հետ կապված Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: