23.11.2024
Անդրանիկ Մանուկյանը հետ կանչվեց Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից․ հրամանագիր է ստորագրվել
prev Նախորդ նորություն

Գործադիրն ընդդեմ Քարֆուրի ու Ալեքսանյանի․ ինչպե՞ս ստիպել վաճառել տեղական արտադրանքը

Կառավարությունը նախատեսում է արգելել սուպերմարկետներին, զբաղվել սեփական արտադրանքի կամ սեփական ներմուծված որոշ ապրանքների մանրածախ վաճառքով։


Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է նախագիծ, որն, ընդունվելու դեպքում, ըստ էության, կարգելի տնտեսվարողներին, առաջին հերթին՝ սուպերմարկետներին, զբաղվել սեփական արտադրանքի կամ սեփական ներմուծված որոշ ապրանքների մանրածախ վաճառքով։


«Առեւտրի եւ ծառայությունների», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ու «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին օրենքներում փոփոխությունները կարգելեն մեծածախ առեւտրականներին կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների մանրածախ առեւտրով զբաղվել՝ եթե դրանք ներմուծվել կամ արտադրվել են այդ տնտեսվարողների կողմից:


Բացի այդ, առեւտրային խոշոր ցանցերին կարգելվի նաեւ տեղական արտադրողների կողմից արտադրված եւ համապատասխան ցանկում ներառված պատշաճ որակի ապրանքը չընդունելը:


«Մեծածախ-մանրածախ շղթայի կանոնակարգման տեսանկյունից կարեւորվում է մեծածախ վաճառողների սահմանափակումը մանրածախ շուկայում գործունեություն իրականացնելու մասով, քանի որ մեծածախ վաճառողները մանրածախ շուկայում ձեռք են բերում մրցակցային առավելություն։ Այս համատեքստում առաջնային խնդիր է սոցիալական նշանակություն ունեցող կարեւորագույն ապրանքների ներմուծմամբ (արտադրությամբ) զբաղվող տնտեսավարողների համար սահմանափակել նշված ապրանքատեսակների մասով վաճառքի իրականացումը», - նշվում է հիմնավորման մեջ:


Օրինագծի տրամաբանությունից բխում է, որ, օրինակ, միս ներկրող եւ հացի արտադրամաս ունեցող սուպերմարկետների ցանցը չի կարողանա վաճառել այն իր սուպերմարկետներում՝ եթե միսն ու հացը լինեն կառավարության հաստատված ցանկում։ Փոխարենը ընկերությունը պարտադրված կլինի վաճառել ներմուծած միսն ու հացը այլ խանութներին, սեփական սուպերմարկետներում վաճառելով տեղական արտադրողների սնունդը։


Հիշեցնենք, որ Հայաստանում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Երեւան սիթի սուպերմարկետները հանդիսանում են նույն անձին պատկանող այլ ձեռնարկությունների արտադարությունների եւ ընկերությունների ներմուծած ապրանքների վաճառքի ամենամեծ ցանցը։ 


Հատկանշական է, որ Երեւանում բացված միջազգային Քարֆուր սուպերմարկետի ցանցը եւս զբաղվում է սեփական արտադրության եւ ներմուծած ապրանքների վաճառքի հարթակ։