23.11.2024
Վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ կստեղծվի
prev Նախորդ նորություն

ԱԺ փոխնախագահը ՌԴ դեսպանին իր մտահոգությունն է հայտնել Բաքվին զենք վաճառելու առնչությամբ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը սեպտեմբերի 3-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:


Միքայել Մելքումյանը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը:


ՀՀ ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ միջպետական հարաբերությունների զարգացման հարցում ուրույն դեր ունի խորհրդարանական դիվանագիտությունը: Խոսելով հայ-ռուսական ռազմավարական եւ դաշնակցային հարաբերությունների մասին՝ ԱԺ փոխխոսնակն իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրի առնչությամբ:


Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում: Դեսպանն իր հերթին կարեւորել է հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը:


Միքայել Մելքումյանը կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանականների միջեւ փոխգործակցությունն ու համատեղ աշխատանքը:


Խոսելով երկկողմ տնտեսական կապերի մասին՝ կողմերն անդրադարձել են ռազմարդյունաբերական, առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը: Միքայել Մելքումյանն անհրաժեշտ է համարել ոչ կառավարական մակարդակում տնտեսական համագործակցությունը խթանելու ուղղությամբ իրականացվող քայլերը: Միքայել Մելքումյանը կարեւորել է ՀՀ եւ ՌԴ մարզերի միջեւ ուղղակի առեւտրատնտեսական կապերի ստեղծման անհրաժեշտությունը, հատկապես ՌԴ այն մարզերի հետ, որտեղ ապրում եւ աշխատում են մեր հայրենակիցները: