Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով նախկինում բազմիցս անդրադարձել է «Մարտիկ» հիմնադրամի չարաշահումներին, հայտարարություն է տարածել՝ դիմելով «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Անահիտ Բախշյանը, մասնավորապես, գրել է.
«Պարոն Աղաբեկյան, անհանգստացնողներից մեկն էլ ես եմ: Ճիշտ եմ չէ՞ հասկացել, որ բանկում առկա 1.241.000 դոլարի 820.000-ը Ձեր ասած «Մարտիկ»-ներն են ներդրել, իսկ մնացած 421.000$-ը՝ այդ գումարից եկած տոկոսներն են՝ վերածած 100-ական դոլարի ու 4210 զոհված ազատամարտիկների անունից՝ ավելացվել է մայր գումարին: Ճի՞շտ է:
Պարոն Աղաբեկյան, Դուք Ձեր դեմ ցուցմունք եք գրել, որովհետեւ Ձեր գրառման հետ կապված, քննիչների ենթադրյալ հարցերից բացի, ինձ մոտ առաջացան հետեւյալ հարցերը:
Հարց առաջին: Միթե մենք ընդամենը 4210 զոհված ազատամարտիկ ունենք կամ ունեցել այն պահին, երբ նման որոշում եք կայացրել, ովքե՞ր են այդ 4210-ը զոհված ազատամարտիկները, ի՞նչ սկզբունքով եք ընտրել հենց այդ 4210-ին: Ի՞նչ է, մնացածն արժանի չէի՞ն:
Երկրորդ հարցս: Քննչական մարմնին ներկայացրե՞լ եք արդյոք Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այն որոշումը, որի հիման վրա մայր գումարի տոկոսներից եկած տոկոսները իրավունք ունեիք վերածել 100-ական դոլարների, ե՞րբ է կայացվել այդ որոշումը, ի՞նչ հիմնավորմամբ է հոգաբարձուների խորհուրդը կայացրել նման որոշում, արդյո՞ք միայն նրա համար, որ «Մարտիկ»-ների ցուցակում լինեն մեր զոհված ազատամարտիկների, այն էլ՝ ոչ բոլոր, անուննե՞րը: Հարց՝ որ ի՞նչ:
Երրորդ հարցս: Արդյո՞ք այդ որոշումը գործել է ամեն տարի, եթե այո, ապա ինչո՞ւ հոգաբարձուների այս որոշումը չի կատարվել, մասնավորապես 2017թ-ին, երբ ավանդադրումից ստացված տոկոսը եղել է 44.623.324ՀՀ դրամ, որն անում է 92196 $, ինչո՞ւ այս գումարին համապատասխան 921 զոհված ազատամարտիկի անուն չի ավելացել ցուցակում եւ ցուցակը նույն, նախորդ տարվա ցուցակն է:
Չորրորդ հարցս: Հիմնադրամի կայքում «Փնտրում» պատուհանի տակ գրված է արդեն 12 410 անուն, ազգանուն, նույնիսկ հայրանունները գրված չեն ու ոչ մի այլ տվյալ, թե ո՞վ, ե՞րբ է, Ձեր ասած, «Մարտիկ»-ի «պատվավոր կոչում»-ը «վաստակել»: Դուք ասում եք, որ նրանցից 4210-ը զոհված ազատամարտիկներ են, ո՞րտեղ է դա երեւում, նամանավանդ որոշ տղամարդկանց անունների վրա համակարգչի մկնիկի սեղմումից գալիս են տարբեր տարիքի երեխաների նկարներ՝ բարուրից մեջ փաթաթված երեխայից սկսած(օրինակ՝ N 628/):
Հինգերորդ հարցս: Ձեր հայտարարած 820.000$-ից եկած տոկոսների 421.000$ գումարը ո՞ր տարվա տարեկան տոկոսն է, չէ՞ որ ըստ տարիների, փաստորեն, գումարն ավելացել է, ուրեմն բանկի տոկոսները նույնպես ավելացել են, եւ ուրեմն ո՞ր տարվա տոկոսի հետ եք հարմարեցրել 421000 թիվն ու բաժանելով 100-ի, ստացել զոհված ազատամարտիկների 4210 թիվը: Հիշեցնում եմ, Դուք 2016թ. մայիսի 12-ին ասել եք. «Մարտիկ» հիմնադրամը մինչեւ 2005թ. ունեցել է 8200 մասնակից, հետագայում բանկային տոկոսներով համալրվել է «Մարտիկ» հիմնադրամի մասնակիցների ցանկը, եւ այժմ հիմնադրամի մասնակից են համարվում 12404 հոգի: Մնացած մասնակիցները Արցախյան պատերազմում զոհված մեր հերոսների անուններն են: Նպատակ ենք ունեցել, տալով նրանց «Մարտիկ» հիմնադրամի մասնակցի կարգավիճակ, հավերժացնել նրանց կենդանի հիշատակը»: Ձեր երեկվա գրառման մեջ արդեն ստույգ գրել եք մնացած մասնակիցների թիվը՝ 4210 զոհված ազատամարտիկ: Հիմա ես զոհված ազատամարտիկ չեմ, բայց այդ ցուցակի 12404-րդն եմ, Ձեր կարծիքով ո՞ր ստի մեջ եմ ես:
Է՜, հարգելի պարոն Աղաբեկյան, ինչքան փորձում եք արդարանալ, այնքան ոչ ճիշտ բաներ եք ասում: Կարծում եմ՝ այս թվերը ոչ այնքան քրեական, որքան բարոյական բովանդակություն ունեն: Ամեն դեպքում այս թվերի ու փաստի մասին քննչական մարմնի փորձագիտական վերլուծությունը պետք է հստակ պատասխան պահանջի, այս թվերը շատ բանի մասին են խոսում:
Հինգերորդ հարցս: Եթե մայր գումարի տոկոսները 100$-ի վերածելով միացրել են նրան ու այն եղել է անձեռնմխելի, ապա ամեն տարի ինչ-որ կանոնադրական նպատակներով ծախսերի համար ո՞րտեղից եք գումար տրամադրել, ո՞րտեղից եք հենց վերջին 4-5 տարիներին Հիմնադրամի կանոնադրությամբ տարեկան ընդհանուր ծախսերում վարչակառավարչական ծախսերի մասնաբաժինը սահմանված 10 %-ի փոխարեն ծախսել 20%-ից ավել գումար: Որպես փաստ, azdarar.am-ում դրված 2017թ. հաշվետվության համաձայն, որտեղ ո՛չ հիմնադիրների, ո՛չ հոգաբարձուների խորհրդի անդամների անուն ազգանուններն այդպես էլ գրված չեն, ֆինանսական տարում օգտագործված ֆինանսների ընդհանուր չափը՝ 45.759.332 ՀՀ դրամ, իսկ ազատ դրամական միջոցների ավանդադրումից ստացված տոկոսը՝ 44.623.324ՀՀ դրամ:
Փաստորեն բանկի հաշվում մայր գումարից բացի կա ազատ դրամական միջոցնե՞ր, ո՞րտեղից: 2017թ-ին ազատ դրամական միջոցներից ստացված տոկոսի գումարից միլիոնից ավել գումար է ծախսվել, ո՞րտեղից: Հաշվետվությամբ կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը՝ 33.342.475 ՀՀ դրամ է եղել: Քանի որ կառավարչական ծախսերի չափը չի գրվել այս հաշվետվության մեջ, ապա ինքներս կհաշվենք: 2017թ.-ին օգտագործված ֆինանսի չափը 45.759.332 ՀՀ դրամ, կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը՝ 33.342.475 ՀՀ դրամ, օգտագործված գումարի տարբերությունը կազմում է 12.416.857ՀՀ դրամ, որը գնացել է վարչակառավարչական ծախսերի վրա եւ կազմում է օգտագործված ֆինանսների 27%-ը: Ինչո՞ւ եք խախտել կանոնադրությունը:
Վերջապես հարց վեցերորդ: Ես հաստատ 8200 հոգու մեջ չեմ, որովհետեւ Դուք ասել եք, թե մինչեւ 2005 թվականն եք ունեցել 8200 մասնակից, ուրեմն իմ եւ ինձանից հետո 6 հոգու ներդրած 100$-ը այն մայր գումարի տոկոսների մեջ էլ չեն, որ 100 դոլար դառնար ու ավելանար մայր գումարին, ուրեմն ո՞րտեղ է: Ընդ որում այդ ցանկում ես 12404-րդն եմ, ինձնից հետո ավելացել են եւս 6 հոգի, որը երեւում է 2017թ. հաշվետվությունից: Ո՞ր մասում են այդ 6 հոգու ներդրումները: Կարծում եմ այս հարցի պատասխանն էլ պետք է քննչականը տա:
Դուք Ձեր ֆբ-յան էջի գրառման մեջ նշել եք, որ թե՛ բարեգործական, թե՛ ռազմահայրենասիրական եւ թե՛ մարտական ու քարոզչական ծրագրերի իրականացման համար կրել եք անձնական պատասխանատվություն, որոնք իրականացրել եք պատվախնդրությամբ եւ գտնում եք, որ գործել եք բացառապես «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի եւ կանոնադրության շրջանակներում։
Երանի՜ այդպես լիներ ու Դուք բաց ճակատով այսօր մեղադրանքը չընդունող գրառման փոխարեն խոսեիք Հիմնադրամի ամենակարեւոր կանոնադրական նպատակին հասնելու մասին, որը հնչեցրել եք 2002-ի հոկտեմբերի 28-ին «Երկիր» թերթին տված Ձեր հարցազրույցի մեջ . «5 տարի անց անկիրթ հրամանատարներ չենք ունենալու», այնինչ Հիմնադրամի բոլոր հաշվետվություններում, որոնք իմ ձեռքի տակ են, չեմ հանդիպել ոչ մի նման ծրագիր, որով ՀՀ զինված ուժերի որեւէ սպա Մարտիկի միջոցներով գործուղվեր վերապատրաստվելու, իսկ Հիմնադրամի կանոնադրության մեջ գրված է.
«Հիմնադրամը պարտավոր է ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթն օգտագործել միայն իր կանոնադրական նպատակների եւ խնդիրների իրականացման համար»»:
Անահիտ Բախշյանը հետգրությամբ դիմել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին.
«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ պարոն Գրիգորյան, խնդրում եմ սույն հոդվածում բարձրացված հարցերը հնարավորինս պարզաբանել սույն գործի նախաքննության ընթացքում»:
Այս հրապարակումից հետո Արթուր Աղաբեկյանն իր էջում գրառում է արել այն մասին, որ ինքը մեղադրանքը չի ընդունում ու մասնավորապես, ասում է.
«Ի գիտություն բոլոր անհանգստացնողներին՝ հիմնադրամի հաշվին առկա է 1.241.000 ԱՄՆ դոլար անձեռնմխելի գումար, որը ձեւավորվել է 8200 փաստացի մասնակցի ներդրումից (յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Մարտիկ հիմնադրամին), եւ 421.000 ԱՄՆ դոլար բանկային տոկոսներից, որը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան ազատամարտում զոհված 4210 ազատամարտիկների անունից նվիրաբերվել է հիմնադրամի հաշվին եւ համալրվել է անձեռնմխելի գումարը»:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն բացահայտել է «Մարտիկ» հիմնադրամից շուրջ 54 մլն դրամի հափշտակման դեպք վատնման միջոցով։ Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ օգոստոսի 29-ին Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Այս հայտարարությունից հետո Արթուր Աղաբեկյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: