Երեկվանից սոցիալական ցանցերը եռում են: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր ելույթում թույլ էր տվել արտահայտություններ, որոնց համար այսօր առավոտվանից արդեն արդարացավ: Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության մրցակից ուժերից ոմանք սա որակեցին առաջին պարտությունը դեռ քարոզարշավը չսկսված, ասել է թե՝ ինչո՞ւ ես մի բան հայտարարում, եթե պիտի հետո արդարանաս:
Հայկ Մարությանի դաշտը սև-սպիտակի բաժանելը, ինչ խոսք, սխալ մեկնարկ է նախաքարոզարշավային այս շրջանում: Առավել ևս, եթե հաշվի առնենք, թե որքան կարևոր ստուգատես է այս ընտրությունը նոր Հայաստանի նոր իշխանության համար: Ի վերջո, նոր իշխանությունները, որ եկան փոխարինելու նախորդներին, որպես դրոշակ միշտ թափահարում էին ՀՀԿ-ականների «Բոլոր ճանապարհներն անցնում են Մելիք Ադամյանով» կամ «Ինչքան ուզենք՝ էնքան կխենք» ինքնավստահ արտահայտությունները, որոնք անընդունելի են: Բայց այսօր, կարծես, գնում են նույն ճանապարհով… թեև այն, որ նոր իշխանությունները շատ դեպքերում շարունակում են հնի գործելաոճը՝ այլ շեշտադրումներով, կասկածի տեղիք վաղուց էր տվել:
Մարությանը, մասնավորապես, հայտարարել էր. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»:
Բայց արդեն առավոտյան Երևանի քաղաքապետի ամենահավանական թեկնածուն արդարացավ՝ իր ֆեյսբուքյան էջում պատասխանելով քննադատություններին․
«Սիրելի ժողովուրդ,
Այսօր համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձևակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել։ Ես ամենևին անթերի չեմ, և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս, և, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։
Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, և դա Հայաստանի ժողովուրդն է։ Ու, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության և արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սև ուժեր են, և ես անձամբ իմ պարտքն եմ համարել և համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլևս երբեք չկարողանան դա անել։
Ընտրությունը ժողովրդինն է, և ես համոզված եմ, որ մեր թիմը կարժանանա վերջինիս վստահությանը»,- ասված է քաղաքապետի թեկնածուի գրառման մեջ»։
Բայց մեխանիզմը, ինչպես ասում են, արդեն գործի էր դրվել: ՀՀԿ-ականներից շատերը իրենց պարտքը համարեցին մեկնաբանել, քննադատել, ծաղրել: Այս վերջինի առումով հատկապես աչքի ընկավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Ահա նրա գրառումը.
«Այ գավառական ծաղրածու,
Դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սեւերի եւ սպիտակների կիսես: Անկախ նրանից, թե որքան սուր կարող են լինել մեր հայրենակիցների զգացմունքներն անցյալի սխալների նկատմամբ կամ խորը հավատն ապագայի հանդեպ, անկախ նրանից, թե որքանով կհաջողի ներկայիս կառավարությունը, կամ հիասթափության ալիքի կհանգեցնի այն, որեւէ մեկն իրավունք չունի դասելու երեւանցիներին սեւերի եւ սպիտակների:
Դու քարոզարշավը չսկսած ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը եւ ցածր բարոյականությունը: Երկրի եւ քաղաքի ապագայով մտահոգ գործիչը նույնիսկ եւ հատկապես հասարակության իրական պառակտվածության պարագայում պետք է ջանք չխնայի կամրջելու այդ բացը: Իսկ նոր անջրպետներ ստեղծելը թույլի, անվստահի, մեծամիտ եւ հասարակության վրա թքած ունեցող մարդու գործելաոճ է:
Կան շատ մարդիկ, որոնք ուզում են հավատալ Նիկոլ Փաշինյանին, բայց մեծ սխալ են համարում նրա կողմից քո առաջադրումը: Նրանցից շատերը, կարող է համարեն, որ դու չունես բավարար փորձ եւ գիտելիք` մայրաքաղաք կառավարելու համար: Շատերի համար էլ կարող է ավելի համոզիչ լինեն այլ թեկնածուների նախընտրական ծրագրերը: Ոմանք կբարդույթավորվեն ձայն տալ բիգուդիավոր տղամարդու: Դա դեռ ոչ մեկին սեւ չի դարձնում:
Կան նաեւ մարդիկ, շատ ազնիվ մարդիկ, որ բացարձակ չեն կիսում Նիկոլ Փաշինյանին ապագայի տեսլականը եւ հատկապես նրա կադրային քաղաքականության նկատմամբ լուրջ վերապահումներ ունեն, եւ դա եւս նրանց սեւ չի դարձնում: Դա է ժողովրդավարական հասարակության էությունն ու ընտրությունների բուն իմաստը: Ուստի, քո ասածը լրջագույն խնդիր է նաեւ մեր երկրում ժողովրդավարական արժեքների տարածման, ինստիտուտների ամրապնդման, ազատ ընտրությունների անցկացման տեսակետից:
Քո վարքագիծը վիրավորական է ոչ միայն ընտրարշավին մասնակցող մեկ տասնյակից ավել մրցակիցներիդ համար, այլեւ ողջ հասարակության, այդ թվում նրանց, ով այս կամ այն պատճառով մտադիր էր քվեարկել քո օգտին:
Հասկանալի է, որ անճաշակ եւ անբան սերիալներումդ, որոնցով արդեն մեծ վնաս ես հասցրել բազմաթիվ հայ երեխաների, որոնց այդ հումորը սկսում է ծիծաղելի թվալ, սովորել ես մոնտաժի: Հանրային քաղաքականության մեջ խոսքիդ համար պետք է սովոորես պատասխան տալ, եւ իմանաս, որ թուլության նշան է հանրայնորեն արտահայտած խոսքդ թաքցնելու խղճուկ փորձը: Իզուր էիր մոնտաժում` ասել ես այն, ինչին հավատում ես: Անկեղծ կարծում ես, որ քեզ չընտրողը` սեւ է: Քեզ իրոք էն սերիալներիդ մեջի, լեզուս էլ չի պտտվում ասեմ «տղու» տեղն ես դրել:
Չգիտեմ, որքանով քո շրջապատը քեզ դա կբացատրի, բայց քարոզարշավիդ մեկնարկն այնքան վատն է, որ իրեն հարգող թեկնածուն, քո փոխարեն, միայն մեկ ճանապարհ կտեսներ շտկելու վիճակը` ինքնաբացարկ հայտարարելով: Մի գուցե ցուցակիդ մեջի այլ թեկնածուներն այդ գործից մի քիչ ավելի լավ գլուխ հանեն: Ախր 2800 տարեկան քաղաք կառավարելն ամեն մեկի խելքի բան չէ»,- գրել է Վիգեն Սարգսյանը:
Այս գրառումը, բնականաբար, չէր կարող անպատասխան մնալ՝ դրան արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ կոշտ արտահայտությունների նույն տրամաբանությամբ.
«Տո այ անտակտ կարերիստ. Ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել: Ասել եք, առաջ Հայաստան ու մտցրել ցեխը, հզոր բանակից եք խոսացել ու տուշոնկա գողացել: Հասարակությունը դուք եք բաժանել, կեղեքել, բանտարկել, ստորացրել ու քշել երկրից` լավ տեքստեր ասելով: Բա ինչու՞ այն ժամանակ Սերժին չէիր ասում
-Արի կամուրջ գցենք օդամղիչ զենքով ջահել տղուն 9 տարի չնստացնենք կամ տոնածառ դնողին բաց թողնենք: Կամ հաց բերողը մեռնում է, արի բաց թողնենք: Դուխդ չէ՞ր հերիքում:
Հայկին անվանում ես թույլ, անվստահ, ինքնասիրահարված հասարակության վրա թքած ունեցո՞ղ: Դու ու քո շեֆը մարդկանց կարծիքը հաշվի չառնելով, նսեմացնելով և ծաղրելով ապրել եք վերջին 20 տարին, հիմա Հայկո՞ն ա թույլ:
Այո, Հայկը իր միտքը լավ չի արտահայտել, ու այո հաճոյանալու մասով և հասարակության աչքերի մեջ թոզ փչելու հարցում նա ձեր փորձը չունի, բայց Հայկը մաքուր ու ազնիվ մարդ է: Ակնհայտ է ինչ է ուզեցել ասի և ակնհայտ է, որ դու հիմա դրանից ուղղակի օգտվում ես: Դե, պատրաստ եղիր պատասխանը լսել:
Այնքան վատն ես, Վիգեն ու թույլ, որ քեզ վստահ զգալու համար Հայկին բիգուդիով տղամարդ ես անվանում և ծաղրածու:
Այդ ծաղրածուն վերջին 20 տարին ձեր գաղջ երկրում մարդկանց ժպիտ ու ուրախություն է նվիրել, աշխատատեղեր ստեղծել, դուք ի՞նչ եք արել, ի՞նչ: Հայկը նկարահանումից հետո բիգուդին կարող է հանել և գրիմը մաքրել, դուք ինչպե՞ս եք ձեր բիգուդիով հոգիներից ազատվելու և կեղտոտ ձեռքերն ու լեզուները մաքրելու:
Ես մարդ չգիտեմ, ով Հայաստանը լքել ա Հայկի վատ սերիալների համար, բայց տասնյակ հազարավոր մարդ գիտեմ , որ քո ու քո շեֆի նմանների պատճառով տները ծախել են և ընտանիքով հեռացել սեփական հողից:
Հայկը իր տեքստը կուղղի, օր օրի ավելի լավ կխոսի ու գործ կանի , իսկ դու ու քո լավ խոսացող գործընկերները նենց եք ապրել ու գործել, որ սկի ընտրության չեք կարողանում մասնակցել:
Ու զգուշացնում եմ քեզ, Աշոտյանին, Շարմազանոնովին, Սերժ Սարգսյանին , բոլորիդ ով կա այդ արհեստվարժ դատարկախոս ռևանշիստների կուտոկում, Չհամարձակվեք սպեկուլյացիաներով զբաղվել, ժողովրդի աչքին թոզ փչել ու փորձել մեզ վիրավորել ու խաբել:
Ձեր ամեն մի ասածին այնքան բան կասեմ, տանից կամաչեք դուրս գալ: Չնայած , դուք ի՞նչ գիտեք ամոթն ինչ բան ա»,- գրել է Ալեն Սիմոնյանը:
Երևանի ավագանու ընտրությունները, հիշեցնենք, սեպտեմբերի 23-ին են, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին: