2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008 թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների՝ առնվազն 1.300 ծառայողներ Երևան քաղաքի "Ազատության" հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա` քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները:
Ինչպես հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, նշված, ինչպես նաև 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում տեղի ունեցած մյուս դեպքերը ուսումնասիրելու համար ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008թ. հունիսի 16-ի որոշմամբ ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով:
Դրանից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույն թվականի հոկտեմբերի 23-ին կարգադրություն է ստորագրել "Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու" մասին:
Ոստիկանության կողմից կատարված գործողությունների հակաօրինական լինելու վերաբերյալ հիշյալ հանձնաժողովի, փաստահավաք խմբի, ինչպես նաև հանրության մոտ ի հայտ եկած կասկածները ցրելու, այդ ապօրինությունները քողարկելու, դրանք որպես իրավաչափ ներկայացնելու, ինչպես նաև այդ գործողությունների համար հետագայում պատասխանատվությունից ազատվելու խմբային շահերից ելնելով` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ. փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին:
Ըստ այդ փաստաթղթերի և դրանց հիման վրա ոստիկանության պաշտոնական պարզաբանումների՝ ստացված տեղեկությունները ճշտելու, իսկ դրանք հաստատվելու դեպքում հանցագործությունների խափանման, հանցանք կատարած անձանց հայտնաբերման անհրաժեշտությամբ պայմանավորված` 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07:00-ին, ոստիկանության ստորաբաժանումները իբր թե "տեղանքի հետազոտում" օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակով գնացել են "Ազատության" հրապարակ, սակայն ցուցարարների կողմից դիմադրության հանդիպելուց հետո ստիպված նրանց դուրս են հանել հիշյալ հրապարակից:
Պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին:
Կատարվում է նախաքննություն: