24.11.2024
Մեզ համար անընդունելի է, որ հանքարդյունաբերությունը տնտեսության լոկոմոտիվն է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Կառավարությունը առաջիկա 5 տարիներին էլ կվճարի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վարձավճարը

Կառավարությունը ևս հինգ տարով երկարաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երևան քաղաքում գրասենյակով ու գույքով ապահովելու 2008-ի մայիսի 22-ի որոշման ժամկետը: Սա նշանակում է, որ պետությունը առաջիկա հինգ տարիներին էլ կվճարի Քոչարյանի գրասենյակի վարձակալության վճարները:


Որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:


«Կառավարությունը որոշում է ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքում գրասենյակով ու գույքով ապահովելու» մասին որոշման և 2008-ի մայիսի 22-ի որոշման մեջ փոփոխություն կատարել, ըստ որի «10 տարի ժամկետով» բառերը փոխարինել «15 տարի ժամկետով» բառերով:


Այսպիսով՝ «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի որոշման հիմքով, «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև 13.08.2008թ.-ին կնքվել է 374.1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր:


Նշված տարածքը և 17 586 280 ՀՀ դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչև 13.08.2018թ. ժամկետով անհատույց օգտագործման է հանձնվել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին:


Միաժամանակ, տարածքի վարձակալության համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը («Պետական գույքի կառավարման կոմիտե») հատկացվել է 2000,0 հազ. դրամ:


Կոմիտեն տարածքի վարձատու «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի հետ բանակցությունների արդյունքում ձեռք է բերել վերոնշյալ տարածքի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարով և նույն պայմաններով երկարաձգելու մասին նախնական համաձայնություն:


Ուստի, ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականների, անհրաժեշտություն է առաջացել մշակելու և շրջանառության մեջ դնելու «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայասատանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը»», - ասված է ՀՀ կառավարության որոշման մեջ: