24.11.2024
Կառավարությունը առաջիկա 5 տարիներին էլ կվճարի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վարձավճարը
prev Նախորդ նորություն

Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը ստեղծում են «Սասնա ծռեր» կուսակցություն

«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարեցին «Սասնա ծռեր» անվամբ կուսակցություն ստեղծելու մասին։


Օգոստոսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նրանք հայտարարել են, որ "Հիմնադիր խորհրդարան" կազմակերպությունը և "Սասնա Ծռեր" խմբավորումը նախաձեռնում են ստեղծել "Սասնա Ծռեր" անվանմամբ քաղաքական կուսակցություն և մասնակցել Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին, դառնալ ազգային-քաղաքական կյանքի առաջատար մասնակից:


"Սասնա Ծռեր" կուսակցությունն առաջնորդվելու է լույսի և արդարության քաղաքական մշակույթով, ազգի ներսում չի որդեգրելու ռեալ պոլիտիկ կոչվող արատավոր ու կործանարար խաղի կանոնները, դառնալու է քաղաքական ասպարեզն օտարի միջամտությունից և նյութապաշտական-իշխանատենչական նկրտումներից զերծ պահելու հրամայականի ջատագովն ու առաջամարտիկը", - ասվում է հայտարարության մեջ:


Ինչպես նշվում է, թյուրընկալումներից զերծ մնալու համար հարկ է նաև նշել, որ կուսակցության "Սասնա Ծռեր" անվանումը որևէ կերպով պայմանավորված չէ "Սասնա Ծռեր" ռազմաքաղաքական խմբավորման հետ ժառանգորդություն ապահովելու հանգամանքով: Ընդհակառակը, այդ երկուսը վերը նշված նույն արժեքային-գաղափարական արմատի ծնունդ են՝ մեկը որպես գոյութենական սպառնալիքը չեզոքացնելու ճարահատյալ դրսևորում, իսկ մյուսը՝ որպես կառուցողական գործունեություն:


"Առաջիկա օրերին ձևավորվելու է Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ապա կազմակերպելու է կուսակցության հիմնադիր համագումարի և պետական գրանցման գործընթացը: Մենք ձգտելու ենք առավելագույնս ներգրավել երիտասարդներին և նրանց վստահել ասպարեզն ու գործը, իսկ ավագ սերնդին առավելապես վերապահելու ենք խորհրդատուի դեր ու կարգավիճակ:


Միևնույն ժամանակ՝ Սասնա Ծռեր կուսակցությունը չի գործելու սոսկ որպես մի դասական կազմակերպություն, այլ դառնալու է իր գաղափարական տիրույթում գործելու միտված, սակայն կուսակցական լինելու ցանկություն կամ հնարավորություն չունեցող անհատների ու խմբերի (այդ թվում՝ արտերկրահայերի) ներգրավման, համախմբման ու ինքնադրևսորման կազմակերպվածքի միջուկն ու առանցքը՝ նրանց տրամադրելով նաև քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններ, ինչպես նաև Արցախում (մինչ ՀՀ-ին Արցախի դե յուրե միավորվելը) ունենալու է նույն անվանմամբ քույր կուսակցություն:


Գաղութային բռնապետությունից դեպի ինքնիշխան ժողովրդավարություն անցնելու ներկայիս Անցումային փուլի հրամայականների համատեքստում առկա քաղաքական պրոբլեմների լուծումը տեսնում ենք արմատական, հիրավի հեղափոխական քայլերի միջոցով:


Առաջին հերթին պետությունը պետք է գաղութատիրական-բռնապետական կառավարման նախկին ռեժիմի իրավակազմակերպական համալիրի փոխարեն կառավարվի անցումային ժողովրդավարության ռեժիմին բնորոշ իրավակազմակերպական համալիրով, որի առաջնահերթ հատկանիշներն են՝



  • նախորդ ռեժիմի քաղաքական գնահատականը՝ որպես օտարի աջակցությամբ՝ հանուն անձնական ու կլանային նպատակների, ազգային շահերի հաշվին օտարի շահը սպասարկած, այդ նպատակներին հասնելու համար իշխանությունը բռնությամբ, խաբեությամբ ու կեղծիքով յուրացրած, պետությունը զավթած և այն իր հանցագործությունների գործիքի վերածած հանցավոր համագործակցություն, որի ոճրագործ, կեղեքիչ ու դավաճանական գործունեությունը ստեղծել էր Արցախի և ՀՀ ինքնիշխանության կորստի ռեալ սպառնալիք և հանգեցրել ցեղասպանական հետևանքների,

  • Արցախը ՀՀ-ին միավորելու տեսլականի որդեգրումը՝ դրանով իսկ մերժելով տարածաշրջանի ռուս-թուրք ճարտարապետության և դրա վրա հիմնված ռուսական գաղութատիրության սպասարկմանը ծառայող այսպես կոչված երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը և սկսելով առաջին հանրապետության ժառանգորդության ու Հայրենիքի վերատիրացման ծրագրի վրա հիմնված ինքնիշխան ժողովրդավարական պետություն կառուցումը,

  • կառավարման կենտրոնացումը ժողովրդի վստահությունը վայելող, արտակարգ լիազորություններով օժտված և միայն հեղափոխության համար պայքարած ուժերից կազմված, ցանկալի է՝ ավելի կուռ և սեղմ կառուցվածքով ժամանակավոր կառավարության ձեռքում՝ լուծարելով որպես նախկին ռեժիմի բաստիոն կամ թեկուզ լծակ ծառայող մարմինները, մեր պարագայում՝ Ազգային ժողովը,

  • նախկին ռեժիմի ղեկավար կազմի չեզոքացումը քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիայի, ինչպես նաև նրա պատասխանատվության միջոցով,

  • Ժողովրդի, քաղաքացիների և պետության խախտված իրավունքների վերականգնումը, այդ թվում՝ ինքնիշխանության վերահաստատման գործընթացի մեկնարկը, որը մեր պարագայում պետք է դրսևորվի ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու կոնկրետ քայլերով, օրինակ, սկզբի համար՝ ՌԴ սահմանապահներին փոխարինել ՀՀ սահմանապահներով, ազգայնացնել ռուսական պետական կամ պետականամերձ կապիտալին հանձնված ռազմավարական ենթակառույցները և օբյեկտները կամ ազգային վերահսկողություն հաստատել դրանց նկատմամբ, դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, դուրս գալ այլ պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, առհասարակ Արևմուտքի, ինչպես նաև Իրանի, Վրաստանի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ նախկինից մնացած ռուսաստանագերակա արտաքին հարաբերությունների ձևաչափից և մեկնարկել դրանց հետ հայաստանագերակա հարաբերությունների հաստատման գործընթաց,

  • գաղութատիրության, բռնապետության, կառավարող ռեժիմի՝ ցեղասպանական հետևանքներ առաջացրած կեղեքման ու ազգային դավաճանության դեմ ապստամբության բնական իրավունքի հրապարակային ճանաչումը և ապստամբների նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը:



Հարկավոր մասով այս և այլ առաջնահերթ խնդիրների իրավաքաղաքական լուծումներն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել Անցումային արդարադատության ատյան, որը պետք է գործի որպես Երդվյալ ատենակալների դատարան, առաջնորդվի իրավունքի սկզբունքերով ու սահմանադրականությամբ և կայացնի իրարավար որոշումներ: Այս յուրօրինակ Հայկական Նյուրնբերգի որոշումները պետք է ուժի մեջ մտնեն անհապաղ և ենթակա չլինեն բողոքարկման: Գործող օրենսդրությունը պետք է կիրառվի այնքանով, որքանով հնարավոր է:


Անցումային արդարադատության ատյանը պետք է կազմված լինի բարոյական և կամային համապատասխան որակների տեր, ռեժիմի դեմ պայքարում անուրանալի ավանդ ունեցած և հեղափոխության անշրջելիությունը ապահովելու նպատակով վճռական քայլերի անհրաժեշտությունը գիտակցող, հանրային հարգանք ու հեղինակություն վայելող մարդկանցից, որոնց մեջ մասնագիտությամբ իրավաբանները կարող են փոքրամասնություն լինել: Պարտադիր պետք է լինի միայն նախագահողի (կամ նախագահողների) իրավաբանական բարձր կրթությունն ու գիտելիքը:


Ատյանի անդամների թեկնածուներին պետք է առաջարկի կառավարությունը, հնարավոր է՝ նաև իրավապաշտպան կազմակերպությունները, իսկ կազմը պետք է հաստատվի հանրաքվեով: