Օգոստոսի 22-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն: ՀՀ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հրաչյա Հակոբյանը, հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը. Չեխիան Եվրոպայում Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից է:
Արա Բաբլոյանը կարեւորել է միջազգային խորհրդարանական կառույցներում երկու երկրների պատվիրակների համագործակցությունը՝ նշելով, որ հայկական կողմն ակնկալում է ավելի խորացնել եւ համակարգել այդ փոխգործակցությունը:
Անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական հարաբերություններին՝ Արա Բաբլոյանը ողջունել է Չեխիայի խորհրդարանում նոր բարեկամական խմբի ձեւավորումը` նշելով, որ բարեկամական խմբերը մեծ դերակատարություն ունեն երկու երկրների խորհրդարանների հարաբերությունները զարգացնելու գործում:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար` հույս հայտնելով, որ խորհրդարանի վերին պալատը, հետեւելով Պատգամավորների պալատի օրինակին, եւս կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին՝ Արա Բաբլոյանը չեխ գործընկերներին վստահեցրել է, որ տեղի ունեցած փոփոխությունները որեւէ կերպ չեն ազդել հայ-չեխական ամուր հարաբերությունների վրա: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում իշխանության փոխանցումը ի պատիվ երկու կողմերի տեղի է ունեցել առանց ցնցումների: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կոչ է արել միջազգային գործընկերներին շարունակել Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը:
Միլան Շտեխի հետ զրույցում Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը, ողջունելով հայ խորհրդարանականներին, ընդգծել է, որ գերազանց է գնահատում 2017 թվականի հոկտեմբերին իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Միլան Շտեխը նեկայացրել է Չեխիայի ներքաղաքական դրությունը՝ ընդգծելով, որ չնայած որոշակի տարաձայնություններին, բոլորովին վերջերս Չեխիայի կառավարությանը հաջողվեց ստանալ վստահության քվե:
Չեխիայի Սենատի նախագահի խոսքով՝ չեխական կողմի համար ակնհայտ է Հայաստանի ձգտումն էլ ավելի խորացնելու երկկողմ բազմաշերտ հարաբերությունները Չեխիայի հետ:
Միլան Շտեխը վստահեցրել է, որ Չեխիայում եւս տեղի ունեցած ներքաղաքական դասավորումները որեւէ կերպ չեն ազդել հայ-չեխական հարաբերությունների բարեկամական բնույթի վրա եւ առկա են տարբեր ոլորտներ, որտեղ Չեխիան կարող է իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին: Այս համատեքստում նա անդրադարձել է երկու երկրների միջեւ կրթական ոլորտում համագործակցության հնարավորություններին՝ նշելով, որ հետագա ուսումը կազմակերպելու համար Չեխիան ուրախությամբ կհյուրընկալի Հայաստանի լավագույն ուսանողներին:
Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում:
Միլան Շտեխի խոսքով՝ Հայաստանը քաղաքական առումով դժվարին տարածաշրջանում է գտնվում, հետեւաբար Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ: Սենատի նախագահը դրական է գնահատել միջազգային գործընկերների հետ Հայաստանի կողմից տարվող արտաքին քաղաքականությունը:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իր հերթին նշել է, որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանին հաջողվեց եվրոպացի գործընկերներին վստահեցնել, որ հարաբերությունները կարող են կառուցվել ոչ թե «կամ-կամ», այլ «եւ-եւ» սկզբունքով:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Չեխիայի Սենատի նախագահը նշել է, որ Չեխիայի դիրքորոշումն այդ հարցում հստակ է՝ խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ եղանակով, բանակցային սեղանի շուրջ: Նրա խոսքով՝ կողմերից որեւէ մեկին զինելը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի լուծմանը:
Հանդիպման ավարտին կողմերը գոհունակությամբ փաստել են, որ Հայաստանն ու Չեխիան լավագույնս գիտեն մեկը մյուսի պատմությունը, ինչը նպաստում է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը: