23.11.2024
Հովիկ Աբրահամյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. ՀՔԾ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը կրկնում է Կարապետյանին. ինչպե՞ս ֆինանսավորել համայնքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել համայնքների ղեկավարության առջեւ բարձրացնել պետական բյուջեից տրամադրվող միջոցների ծախսման արդյունավետությունը՝ գրեթե կրկնելով շուրջ մեկ տարի առաջ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը:


«Կառավարությունը, իհարկե, պետք է միջոցներ տրամադրի համայնքներում խնդիրների լուծման համար, բայց պետք է համոզված լինի, որ այդ միջոցներն արդյունավետ են ծախսվում», - օգոստոսի 11–ին, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Հանդիպման ընթացքում, նշում են լրատվամիջոցները, համայնքի ղեկավարները բարձրաձայնում էին անտառտնտեսությունների, երթուղային ցանցի, մոնոպոլիաների, հարկային քաղաքականության և համայնքներին առնչվող այլ խնդիրների մասին:


Փաշինյանը գտնում է, որ մինչև այդ ծախսերի արդյունավետության վերաբերյալ համոզմունք չլինի, իմաստ չունի որևէ ֆինանսական միջոց հատկացնել:


«Ի՞նչ իմաստ ունի ֆինանսական միջոց հատկացնել, եթե մտածում ես, որ դրա մի մասը չարաշահելու են: Այս տրամաբանության մեջ պետք է աշխատենք, նախկին տրամաբանությունը չի աշխատելու, այն, որ այսքան փող կտանք, ընտրություններին այսքան ձայն կբերեք: Դա չի աշխատելու, որքանով համայնքն արդյունավետ կաշխատի, այդքանով կառավարությունն ակտիվ կհամագործակցի այդ համայնքի հետ։


Ես ուզում եմ, որ մեր երկրում հարաբերությունների ձևը փոխվի, ոչ թե լինի մի կառավարություն, որը պետք է ամեն ինչ անի, այլ լինի կառավարություն, որը պատրաստ է ամեն ինչ անել պայմանով, որ մյուսներին էլ է մղում շատ ակտիվ գործողությունների», – նշել է վարչապետը:


Հատկանշական է, որ գրեթե նույն խնդիրը մի փոքր այլ ձեւակերպմամբ համայնքապետերի առջեւ դրել էր Կարեն Կարապետյանը, երբ դեռ վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում: Զարմանալի զուգադիպությամբ նա այդ մասին հայտարարել էր անցյալ տարվա հուլիսին՝ Տավուշի մարզային ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ՝ զայրանալով, որ «առանց բեռ վերցնելու համայնքապետարանները հանրապետական բյուջեից փող են ուզում»:


«Մենք աշխատելու ենք հետեւայլ սկզբունքով, ոչ թե ամենախեղճ համայնքին ենք տալու շատ փող, սուբսիդիա, այլ ամենագործունյա համայնքին ենք շատ ֆինանսավորելու», - ընդգծել էր Կարեն Կարապետյանը: