VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Այդ բողոքը քննելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Սակայն մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Դատավոր Ազարյանը 1998-1999թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ: Իսկ այդ ժամանակ, ինչպես հիշում եք, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը: ՈՒ հիմա ստացվում է՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը պետք է քննի նրա նախկին ենթական: Թե որքանով այս հանգամանքը կարող է ազդեցություն ունենալ գործը քննելիս, դժվար է ասել: Չի բացառվում, որ մեղադրող կողմը, հաշվի առնելով այդ հանգամանքը, դատավորին բացարկ հայտնի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չի բացառվում՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործն ավելի ընդլայնվի: Եւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները տեսակետ են հայտնել, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում կարող են հայտնվել նաեւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Նրանց ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածով մեղադրանք կարող է առաջադրվել հանցագործություն պարտակելու համար: Մեր աղբյուրները նման եզրակացություն են արել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ հանրային հեռուստատեսությամբ տված հարցազրույցից, երբ նա հաստատեց, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործից բացակայել է հայտնի 0038 հրամանը: Իսկ նման կարեւոր փաստաթղթին ուշադրություն չդարձնելը, այն գործով չուսումնասիրելը ենթադրում է, որ փորձ է արվել պարտակելու հանցագործությունը: Հիշում եք նաեւ նախկին իշխանությունների օրոք ինչպես էր փորձ արվել մարտի 1-ի գործի նախաքննությունը տանել այն ուղղությամբ, որ ողջ մեղքը բարդվի ընդդիմադիրների վրա: Դրա արդյունքում էլ հարյուրավոր ընդդիմադիրներ հայտնվեցին կալանավայրերում»:
«Ժողովուրդ» թերթը խմբագրականում դրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարությանը մաս կազմող ՀՅԴ-ի հարաբերություններն այլևս այն չեն: Պատճառը ներքաղաքական վերջին իրադարձություններն են, երբ ՀՅԴ-ն, Փաշինյանի կառավարության մաս կազմելով, հանդես եկավ հայտարարությամբ՝ անուղղակի քննադատելով իշխանություններին: Եթե հիշում եք, ՀՏԴ-ն հայտարարության մեջ մատնանշել է, որ Քոչարյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մեղադրանքները թողնում են ընտրովի արդարադատության և անկողմնակալ քննության տպավորություն: Եվ ահա, փոխվարչապետ, ՔՊ անդամ Տիգրան Ավինյանն «Ազատության» ռ/կ եթերում անհասկանալի է որակել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Դաշնակցության տարածած հայտարարությունը՝ միաժամանակ ընդգծելով՝ կոալիցիոն գործընկերոջ այս քայլը մտորելու տեղիք է տալիս: «Որոշակի վերլուծելու կարիք կա այս գործողությունները: Եվ կարծում եմ՝ այդ վերլուծական գործընթացը նաև կբերի որոշակի եզրահանգումների մեզ, - ասել է նա և հավելել, - ով-ով, Դաշնակցությունը, որը հիմա կազմում է կառավարության մի մաս, պետք է շատ հստակ իմանա, թե ինչպիսի փոխհարաբերություններ կան գործադիր և դատական իշխանությունների միջև, արդյոք կան ճնշումներ դատական իշխանության վրա, թե՞ չկան: Որևէ մեկը դատավորին չի զանգում և ասում՝ ինչ անի դատավորը: Դա անընդունելի է և նոնսենս է»: ՀՅԴ-ն առայժմ պաշտոնապես չի արձագանքել փոխվարչապետի խոսքերին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17–րդ գագաթնաժողովի աշխատանքներին։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ու հիմա, ըստ աղբյուրների, ծրագիրն այնպես է դասավորվել, որ առաջին պլան մղվեն պետության փաստացի ղեկավար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումները, առավել եւս, որ գագաթնաժողովի ժամանակ ամենակարեւոր եւ պարտադիր պայմանը ֆրանսերենով հաղորդակցումն է։ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները երկրորդական պլան են մղվելու։ Չնայած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիանալի տիրապետում է այդ լեզվին, սակայն ամեն ինչ արվում է եւ արվելու է նրա եւ պատվիրակությունների ղեկավարների հետ շփումը նվազագույնի հասցնելու համար։ Ի վերջո, Բաբլոյանը չի տեղավորվում նոր Հայաստանի պատկերացումների մեջ. օրենսդիր իշխանության ղեկին շարունակում են մնալ պետական կառավարումից հեռացված ՀՀԿ–ականները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկ անդրադարձել է ընտրությունների կազմակերպման գործում ոստիկանության անմիջական մասնակցությանը` հայտարարելով, թե չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որեւէ դրսեւորում։ Ավելին` ոստիկանապետը ոստիկանության ծառայողներից պահանջել է լինել զգոն նմանօրինակ դրսեւորումների չեզոքացման նպատակով, եւ ընդգծել, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։ «Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա: Եվ այս առումով ոստիկանները պետք է գործեն վստահ ու համարձակ»,- շեշտել է ոստիկանության պետը: Ընտրությունների ժամանակ թաղային հեղինակությունների մասնակցության, ընտրությունների արդյունքների վրա նրանց ազդեցության մասին խոսվել է մշտապես: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս հանդես է եկել նման հրապարակումներով, նման ահազանգեր հնչեցրել են նաեւ ընդդիմադիրները: Ի վերջո, հիշում եք ընտրությունների օրը տեղամասերի եւ որոշ կուսակցությունների նախընտրական շտաբների մոտ թաղային խուժանի ակտիվությունը: Բայց նախկին իշխանություններն այդպես էլ համարժեք արձագանքի չեն արժանացրել այդ մասին ահազանգերը: Ընդհակառակը, շատ հաճախ նույն թաղային հեղինակությունները գործել են` կա՛մ ոստիկանների հետ համագործակցելով, կա՛մ նրանց աչքի առաջ` լուռ թողտվության պայմաններում: Եւ հիմա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրահանգից հետո, երբ բացահայտ ձեռնոց է նետում ընտրությունների արդյունքների վրա ազդել փորձող թաղային հեղինակություններին, կարելի է հույս փայփայել, որ այնուամենայնիվ, Հայաստանում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Սպասում ենք՝ հայտարարություններից բացի ոստիկանությունը նաեւ գործնական քայլերով ի ցույց դնի ընտրակեղծարարության դեմ պայքարում հաստատակամությունը»: