26.11.2024
Կառաջարկվեն լուծումներ․ Լարսի անցակետի ռուսական կողմում տեղի է ունեցել խորհրդակցություն
prev Նախորդ նորություն

Հայաստանը հարստացել է եւ չի կարող հավակնել Հազարամյակի մարտահրավերների ֆինանսավորմանը

Հայաստանն այժմ չի կարող հավակնել ամերիկյան Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի դրամաշնորհների, քանի որ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի համաձայն Հայաստանը դարձել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր:


Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են Կորպորացիայում, ավելացնելով, որ Հազարամյակի մարտահրավերները կարող է աջակցություն տրամադրել մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի միայն «ցածր» եւ «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրներին:


Հիշեցնենք, ԱՄՆ-ի Հազարամյակի մարտահրավերնետ կորպորացիան մինչեւ 2008 թվականը Հայաստանում տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող ծրագրեր է իրականացրել, սեփական միջոցներով Հայաստանի գյուղական շրջաններում կառուցելով ճանապարհներ եւ ջրհորներ։


«Թավշյա հեղափոխությունից» հետո ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ Ամերիկայի հայ համայնքի մի շարք անդամներ դիմել էին Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիային՝ կոչ անելով վերականգնել Հայաստանին տրամադրվող օգնությունը:


Կորպորացիայի կանոնադրության համաձայն, ֆինանսական օգնություն կարող են ստանալ միայն Համաշխարհային բանկի չափանիշներով մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի «ցածր» կամ «ցածր-միջին» ցուցակում գտնվող երկրները: Մեկ շնչի հաշվով $995-ից քիչ համախառն ազգային եկամուտ ունեցող երկրները գտնվում են «ցածր» եկամուտ ունեցողների ցուցակում: Մեկ շնչի հաշվով $996-$3,895 համախառն ազգային եկամուտ ունեցող երկրները գտնվում են «ցածր-միջին» եկամուտ ունեցողների ցուցակում։


Համաշխարհային բանկի զեկույցների համաձայն, Հայաստանը նախկինում գտնվում էր «ցածր-միջին» եկամուտ ունեցողների ցուցակում, սակայն 2018-ի հուլիսի 1-ին Համաշխարհային բանկը տեղափոխեց Հայաստանը «բարձր-միջին» երկրների ցուցակ, որտեղ մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտը $3,895-ից ավելի է։


Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայում «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են, որ քանի որ Համաշխարհային բանկը Հայաստանը դասակարգել է որպես «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր, Կորպորացիան իրավունք չունի Հայաստանը որպես օգնություն ստանալու թեկնածու դիտարկել:


«Նախորդ տարի Հայաստանը «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկիր էր, սակայն, այս փոփոխության արդյունքում Հայաստանը չի կարող հավակնել Կորպորացիայի օգնությանը: Այն նախատեսված է միայն «ցածր» եւ «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրների համար: Եթե ապագայում Հայաստանը վերադասակարգվի եւ կրկին համարվի «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկիր, Կորպորացիայի տնօրենների խորհուրդը կարող է որոշել վերսկսել ծրագրերը Հայաստանում», - հայտնել են «Ամերիկայի Ձայն»-ին: