Իրանի ժողովուրդն իր պատասխանատուներին թույլ չի տա բանակցել մեծ սատանայի հետ. Ջաաֆարի
Իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարը արձագանքելով Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությանն ընդգծել է. «Իրանի ժողովուրդը երբևէ իր պատասխանատուներին թույլ չի տա հանդիպել ու բանակցել մեծ սատանայի հետ»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, գեներալ-մայոր Մոհամմեդալի Ջաաֆարին խոսքն ուղղելով Թրամփին ասել է. «Իրանը Հյուսիսային Կորեան չէ, որ դրական պատասխանի ԱՄՆ-ի ցանկությանը»:
Իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ Իրանի ժողովուրդն իր կրոնն ու հավատքն ամրապնդել է ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու վերակենդանացրած իսլամով: «Իրանի ժողովուրդը տարբերվում է բռնատիրությունը հանդուրժող ժողովուրդներից». ասել է նա:
«Իրանին ու իրանցուն չի կարելի սպառնալ և նրանք ցանկացած տեսակի սպառնալիքի և օտարների ճնշման դիմաց միավորվում ու միասնական են դառնում»,-նշել է գեներալ-մայոր Ջաաֆարին:
Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարի խոսքերով, ԻԻՀ համակարգի պատասխանատուները ծանոթ են ԱՄՆ-ի ամբոխավարական սցենարներին:
«Իրանի կառավարությունն ու մեծ ժողովուրդն ուս-ուսի տված և հիմնվելով աստվածային խոստումների, մեծարգո առաջնորդի, ներքին ռեսուրսների և աստվածատուր հսկա պաշարների վրա և տոկալով ԱՄՆ-ի անարդար ու անմարդկային պատժամիջոցների դիմաց մինչև վերջնական հաղթանակ և տիրակալ համակարգի կտրուկ պարտությունը դիմադրելու է». ասել է նա: