26.11.2024
Հայաստանի համար նորարարական ոլորտը կարևոր նշանակություն ունի. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ցանկալի կլիներ Թրամփ-Փաշինյան հանդիպում անցկացնել. ԱՄՆ կոնգրեսականը՝ Միրզոյանին

«Նախկինում ամեն ինչ շատ սահուն է եղել, բայց՝ նոր էջ է պետք բացել», - այս մասին Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի բարեկամության խմբի առաջնորդների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հայտնում է Ամերիկայի ձայնը:


«Ես կարծում եմ, ժամանակն է, որ բոլորովին այլ մակարդակի վրա բարձրացվեն մեր հարաբերությունները եւ ոչ թե խոսենք անցյալը սահուն շարունակելու մասին: Ես խնդրում եմ, իմ ուղերձը շատ բառացի ընկալել եւ նաեւ գործընկերներին փոխանցել տարբեր քննարկումների ժամանակ. Աննախադեպ խաղաղ դեմոկրատական հեղափոխության շնորհիվ աշխարհում հայտնվել է մի նոր ժողովրդավարական պետություն եւ այդ ժողովրդավարությունը պետք է պաշտպանել», -հայտարարել է Միրզոյանը:


Փոխվարչապետ Միրզոյանը կոչ է արել կոնգրեսականներին աջակցել, որ մեծացվեն Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության ծավալները: Վաշինգտոնի իր այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը չորեքշաբթի բանակցություններ է վարել Պետքարտուղարությունում, հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի մի շարք սենատորների եւ կոնգրեսականների, ինչպես նաեւ՝ իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարների հետ:


«Կարծում ենք, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կարելի է նաեւ ԱՄՆ-տարածաշրջան, Հայաստան-Վրաստան համատեքստում դիտարկել»:


Հայաստանը մտադիր է շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ, նշել է փոխվարչապետ Միրզոյանը՝ շեշտելով, որ Երեւանն առաջնորդվում է Հայաստանի շահերով. «Մենք չենք կարող թույլ տալ շատ կտրուկ շրջադարձ»:


Կոնգրեսականներ Փալոնին, Վալադաոյին եւ Թրոթին հետաքրքրում էին Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների, ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Երեւանի դիրքորոշումը եւ Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարը, որին ի աջակցություն կոնգրեսական Դեյվիդ Թրոթն առաջարկեց Կոնգրեսի հատուկ հռչակագիր ընդունել: Ֆրենք Փալոնն էլ ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցածը կարող է օրինակ ծառայել Հայաստանի հարեւանների համար.


«Իսկ մեր կողմից ամենակարեւոր քայլն է բարձրացնել մեր երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները»:


Ամերիկացի օրենսդիրներին հատուկ հետաքրքրում էր Հայաստանի «թավշյա հեղափոխության» պատմությունը, քանի որ, ընդգծեց կոնգրեսական Փալոնը, Արարատ Միրզոյանն ԱՄՆ այցելած Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով մասնակցել էր «թավշյա հեղափոխությանը»: Միրզոյանի խոսքով, տասնամյակներ շարունակ Հայաստանի քաղաքացիները երազել են ունենալ ազատ ժողովրդավար պետություն եւ տասնամյակներ շարունակ դա չի հաջողվել:


«Բայց, մենք չենք հանձնվել եւ ինչպես տեսնում եք, մենք կարողացանք հաղթել»:


Հանդիպման ընթացքում կոնգրեսականներն ընդգծեցին նաեւ, որ ցանկալի կլիներ Թրամփ-Փաշինյան հանդիպում անցկացնել, որի համար լավագույն ժամանակը սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովն է: