Իրանը նավթը կփոխանակի ապրանքով
Իրանի խորհրդարանում հատուկ կոմիտե է ստեղծվել, որը պետք է զբաղվի նավթն ապրանքով փոխանակելու հարցերով: Ինչպես հայտարարել է իրանցի պատգամավոր Ասադոլլահ Ղարեխանին, սա պետք է Իրանին օգնի հաղթահարել ԱՄՆ առաջիկա պատժամիջոցների հետեւանքները, փոխանցում է PressTV-ն:
Նրա խոսքով՝ իրանական հում նավթի ձեռքբերման պայման կդառնան ապրանքները, ինչը կսահմանափակի Իրանում նավթի արտահանման կրճատման հետեւանքները (պատժամիջոցների վերականգնումից հետո):
«Բանկային խնդիրների պատճառով մենք չենք կարող դոլար եւ եվրո օգտագործել (նավթի վաճառքի համար): Այս պատճառով մենք ապրանք կներմուծենք երկրներից, որոնք նավթ են գնում, ինչպիսին են Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավային Կորեան, ինչպես եղել է պատժամիջոցների նախորդ ռաունդի ժամանակ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն դուրս է եկել իրանական միջուկային համաձայնագրից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոյեմբերի սկզբից Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին: Դրանից զատ, Վաշինգթոնը փորձում է հասնել նրան, որ երկրները հրաժարվեն իրանական նավթի ներմուծումից՝ սպառնալով պատժամիջոցներով: