Բաքվին լուրջ անհանգստացրել է ոստիկանության ներքին զորքերի առաջնագծում տեղակայման հարցը
Ինչպես երևում է, Ադրբեջանի ԱԳՆ-ին լուրջ անհանգստացրել է ոստիկանության ներքին զորքերի ենթադրելիք տեղակայման հարցը, ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը։
«ՀՀ ոստիկանության ներքին զորքերը, որքան էլ դրանք հանդիսանում են զինված ուժերի բաղկացուցիչ մաս, ունեն այլ գործառույթներ և իրականացնում են այլ խնդիրներ։ Միաժամանակ նշենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն ունի անհրաժեշտ մարտունակություն, որպեսզի կանխի Արցախի բնակչության նկատմամբ իրականացվելիք ցանկացած արկածախնդրություն», - նշեց Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գործադիր իշխանությունը նման որոշում է կայացնելու և ոստիկանության ներքին զորքերը կծառայեն սահմանին: ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբից այդ տեղեկատվությունը չէին հերքել:
Ոստիկանության ներքին զորքերի`սահմանում ծառայություն իրականացնելու վերաբերյալ քննարկումները եզրափակիչ փուլում են, դրա կիրառման համար անհրաժեշտ է կառավարության որոշման նախագիծ, ասել էրԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Իսկ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը երեկ հայտարարել էր, որ Արցախում Հայաստանի ոստիկանության ներքին զորքերի տեղակայումը ռազմական արկածախնդրություն է և կվատթարացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը: