Ադրբեջանում հետաքննում են Մինգեչաուրի ՋԷԿ-ում խոշոր վթարի պատճառները
Մինգեչաուրում Ադրբեջանի ՋԷԿ-ի ենթակայաններից մեկում տեղի ունեցած վթարի պատճառների հետաքննության համար ստեղծվել է պետական հանձնաժողով ու հատուկ փորձագիտական հանձնաժողով, որում ընդգրկվել են մասնագետներ էներգետիկայի ոլորտից, ԱԻՆ-ից, ԳԱԱ-ից, արդյունաբերական ինստիտուտից։ Հանձնաժողովը ղեկավարում է ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Նազիմ Մամեդովը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ առաջին փոխվարչապետ, վթարի պատճառների հետաքննության հարցերով հանձնաժողովի ղեկավար Յագուբ Էյուբովը տեղեկացրել է, որ վթարն ազդել է մի շարք պետական օբյեկտների գործունեության վրա։ Մասնավորապես դադարեցվել է բոլոր սարքավորումների աշխատանքը Բաքվի նավթի վերամշակման գործարանում։
«Հիմա գործարանում աշխատանքային ռեժիմի են վերադարձվում բոլոր սարքավորոմները, բացի կատալիտիկ կրեկինգի սարքավորումից։ Այդ սարքավորման ռեգեներատորային բլոկում խնդիր է առաջացել, որը մանրակրկիտ կպարզվի զննումից հետո։ Նախնական գնահատականներով՝ վերանորոգման- վերականգնման աշխատանքները 8-10 օր կտեւեն»,- ասել է Էյուբովը։
Նա նաեւ հայտնել է, որ էներգամատակարարման դադարեցումը հանգեցրել է նրան, որ SOCAR ընկերության ու նավթ ու գազ արդյունահանող մյուս ձեռնարկությունների կողմից նավթի արդյուհանման օրական ծավալը երեքշաբթի կրճատվել է 4․2 հազար տոննա նավթով ու 1․035 մլն խորանարդ մետր գազով։
Իսկ լույս հուլիսի 3-ի գիշերը շարքից դուրս էր եկել Ադրբեջանական ՋԷԿ-ի ենթակայաններից մեկի տրանսֆորմատորը։ Վթարի հիմնական պատճառը, ըստ Էներգետիկայի նախարարության, ենթակայանում տեղի ունեցած անջատումն էր, ինչը խախտել է ամբողջ էլեկտրակայանի բնականոն գործունեությունը։ Նախարարության տվյալներով՝ այդ խնդիրների պատճառը անբնական շոգն ու էլեկտրաէներգիայի սպառման աճն է եղել։ Արդյունքում ամբողջ Ադրբեջանը մի քանի ժամով մնացել է առանց լույսի։