Փորձագետներ. Էրդողանի հաղթանակը կբարդացնի Արեւմուտքի հետ հարաբերությունները
Չնայած երկրի տնտեսական խնդիրներին, կիրակի Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին քվեարկած շատ թուրքեր վերջին տարիների վերելքը նրա արժանիքն են համարում, ինչի շնորհիվ երկրում կյանքի որակը զգալիորեն բարելավվել է, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Էրդողանի օգտին քվեարկած քաղաքացիների խոսքով, նրանք հավատում են, որ նա կարող է Թուրքիային տնտեսական ձախորդություններից դեպի վերականգնում տանել եւ պահպանել համաշխարհային ասպարեզում երկրի ազդեցիկ խաղացողի դիրքը: Վերլուծաբանների կարծիքով, նրանք նաեւ տպավորված են նրանով, որ նա առաջ է տանում մուսուլմանական արժեքները:
Վերլուծաբանները կարծում են, որ Էրդողանը լիրարժեք կօգտագործի իր իշխանությունը եւ ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ նոր ճնշումներ են կանխատեսում: 2016 թվականին հեղաշրջման փորձից հետո տասնյակ հազարավոր նախկին պաշտոնյաներ, քուրդ ակտիվիստներ եւ լրագրողներ բանտերում են հայտնվել:
«Ներքին քաղաքականության մեջ Էրդողանը կշարունակի քաղցրահացից մտրակին նախապատվությունը տալ»,- համոզված է մեկնաբան Աբդուլա Բոզկուրտը: «Նախ, նա կփորձի անել ամեն ինչ, որպեսզի իր ռեժիմի դեմ բողոք չլինի»:
Անվտանգության ուժերի՝ ինչպես ոստիկանության, այնպես էլ զինված ուժերի հանդեպ ուղղակի վերահսկողություն ունենալով՝ Էրդողանը հեշտությամբ կարող է կանխել առաջիկա օրերի ցանկացած հնարավոր անկարգություն», - նշում է վերլուծաբանը: Այլ փորձագետներ կարծում են, որ Էրդողանի հաղթանակից հետո որոշ հակառակորդներ կընդունեն պարտությունը եւ կհաշտվեն, բայց ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես Թուրքիան կարձագանքի ներկայիս տնտեսական խնդիրներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Էրդողանին: Վերջին ամիսներին Էրդողանի եւ Պուտինի հարաբերությունները ջերմացել են, ինչը ՆԱՏՕ-ի երկրների մոտ անհանգստություն եւ կասկած է առաջացնում որպես դաշնակից Թուրքիայի հուսալիության հարցում:
Ամերիկացի պաշտոնյաների կարծիքով, Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները անձնական մակարդակում վատ չեն, սակայն ԱՄՆ օրենսդիրները փորձում են արգելափակել F-35A կործանիչների վաճառքը թուրքական ՌՕՈւ-ին:
Պենտագոնը նույնպես մտահոգված է Էրդողանի եւ Իրանի մերձեցման նշաններից: Անցյալ շաբաթ Կոնգրեսի անդամները Էրդողանի հասցեին քննադատական բաց նամակ հրապարակեցին: «ՆԱՏՕ-ի առջեւ ունեցած պարտավորություններին հակառակ, Թուրքիան ակտիվ գործունեություն է վարում՝ ողջ աշխարհում վնասելով ԱՄՆ-ի շահերին: Ամերիկյան շահերի դեմ Թուրքիայի բազմաթիվ ռազմական գործողությունները, Էրդողանի նախագահության ժամանակ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի անվերջանալի վատթարացումը եւ Ռուսաստանի հետ ռազամավարական գործընկերություն կառուցելու Թուրքիայի ակնհայտ մտադրությունը վնասում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին»:
Վերջին տարիներին Բրյուսելը եւ Էրդողանը բազմիցս հակասում էին իրար մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության, ինչպես նաեւ քրդերի դեմ ռազմական գործողությունների եւ աշխարհիկ քաղաքական ավանդույթից հեռանալու հետ կապված հարցերում:
Սակայն, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարելու համար Վաշինգթոնին անհրաժեշտ է Անկարայի օգնությունը, ինչպես նաեւ Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ռազմակայանը:
Բրուքինգի համալսարանի վերջին զեկույցում վերլուծաբան Ամանդա Սլոութը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները Արեւմուտքի համար «գլուխկոտրուկ» են:
«Խոչընդոտն այն է, որ Թուրքիայի խնդրահարույց ղեկավարությունը բախվում է իրական սպառնալքիների հետ: Թուրքիան 2016-ի հեղաշրջման փորձից հետո խնդիրների եւ սիրիական պատերազմի ապակայունացնող հետեւանքների հետ է բախվում: Ընդ որում երկրի ղեկավարաը դառնում է ավելի ավտորիտար՝ դիմելով հակաեվրոպական ագրեսիվ հռետորաբանությանը, իսկ նրա արտաքին քաղաքական որոշումները հակասում են դաշինքի շահերին»:
Նախկին թուրքական օրենսդիր Աքան Էրդեմիրը կարծում է, որ ընտրությունների արդյունքները կբարդացնեն Արեւմուտքի հետ հարաբերությունները:
«Թուրքիայում ազգայնականությանը վերելքը կբարդացնի ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ հետագա հարաբերությունները եւ Անկարային ՆԱՏՕ-ի հետ բախման ճանապարհով կտանի», – կանխատեսում է նա: