Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքների
Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչնդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարևոր նշանակության թռիչքները, այդուհանդերձ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է այսուհետ ևս շարունակելու օդային դիտարկման բնականոն գործընթացը և,միաժամանակ, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատասխան պատժիչ գործողություններով զսպել հակառակորդի ակտիվությունը օդում և ցամաքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին օրերին ավելի ակտիվ սկսեցին շրջանառվել այն լուրերը, որ ադրբեջանական կողմը զինտեխնիկայի և հատուկ ջոկատայինների կուտակումներ է իրականացնում Արցախի սահմանների երկայնքով: Ապրիլյան քառօրյայից հետո սա թերևս ամենալուրջ կուտակումներն են սահմանում: Այսպիսով Բաքուն փորձում է հասկացնել հայկական կողմերին, որ Ադրբեջանը չի գնալու զիջումների ղարաբաղյան հարցում`«կամ ամբողջ Ղարաբաղը, կամ`պատերազմ» բանաձևը դարձել է Ալիևի գործունեության հիմնական ուղենիշը: Ապրիլյան քառօրյայից հետո գրանցելով որոշակի հաջողություններ ու հսկողության տակ վերցնելով տարածքներ, Բաքուն սկսեց առավել մաքսիմալիստական դիրքերից հանդես գալ` մեծացնելով ռազմական ծախսերն ու ռազմական հռետորաբանությունը:
Բաքուն իր ռազմական ակտիվությամբ` նախիջևանյան ճակատում, հայ-ադրբեջանական սահմանին ու Արցախյան ճակատում, ցույց է տալիս պատերազմ սկսելու իր մտադրության լրջությունը: Ադրբեջանը այս քայլերով մեսիջ է հղում ԵԱՀԿ Մինսկի խմբին` Բաքուն չի կարող անվերջ սպասել ղարաբաղյան հարցի լուծմանն ու դրանով փորձում հասնել նրան, որ համանախագահները ճնշումներ գործադրեն հենց հայկական կողմերի վրա:
Սակայն ՀՀ-ի նոր իշխանությունները չեն պատրաստվում գնալ միակողմանի զիջումների ղարաբաղյան հարցում, դա նրանց չեն թողնի ո՛չ հասարակությունը` ՀՀ-ում ու Արցախում, ո՛չ էլ ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում:
Ադրբեջանի կողմից ՊԲ-ի անօդաչուի խոցումը կարող է լինել լուրջ ահազանգ` ադրբեջանական կողմը նախապատրաստում է գործողություններ և չի ցանկացել, որպեսզի հայկական կողմը հետախուզական տվյալներ ձեռք բերի ադրբեջանական զորքերի դիրքավորումից և հնարավոր գործողություններից: Անօդաչուները հիմնականում օգտագործվում են հենց հետախուզական տվյալներ ստանալու համար: