Դատախազությունը կստուգի ՊՆ պաշտոնյաների հանցակցությունն ու մասնակցությունը գործին. Դավթյան
Արդյոք գլխավոր դատախազությունն այս գործով ներգրավել է Պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնյաներին և կա՞ն գործով անցնող այլ անձինք: Այս հարցը ՀՀ գլխավոր դատախազին ուղղեց ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ-ում Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ:
Ավելի վաղ, պատգամավորներին ներկայացնելով միջնորդագիրը դատախազը հայտնել էր, որ ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս Մանվել Գրիգորյանին գործով, որպես մեղադրյալ, ներգրավել և մեղադրանք առաջադրել նրա կնոջը` Նազիկ Ամիրյանին, դստերը` Այծեմնիկ Գրիգորյանին, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանին, Արմեն Հակոբյանին և այլ անձանց, որոնց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում ապօրինի զենք է պահվել, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Արթուր Դավթյանի խոսքով, այս պահի դրությամբ գործով ներգրավված են անձինք՝ նրանց անունները հայտնի են, որոնց մեղսագրված է ապօրինի խմբով զենք ձեռք բերելու և պահելու հանցակազմին: Նրանցից մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարված, մյուսի նկատմամբ քրեական հետապնդում կհայտարարվի այսօր.
«Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը հրապարակելիս նշեցի անուններ, որոնք մասնակցություն են ունեցել նրան մեղսագրվող արարքներից մեկին, այդ մասով արդեն իսկ մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեկ անձի նկատմամբ այսօր պլանավորված է քրեական հետապնդում իրականացնել»,- նշեց գլխավոր դատախազը:
«Բոլորի համար հասկանալի է, որ մեծ ծավալների մասին է խոսքը: Գործի ծավալությամբ, բարդությամբ պայմանավորված երկու քննչական մարմիններ խումբ կստեղծեն և երկու խմբով կքննարկվի: Հետաքննության ու ստուգման առարկա են դառնալու առանց բացառության բոլոր հանգամանքները՝ և՛ ՊՆ համապատասխան անձանց կողմից հնարավոր հանցակցությունն ու մասնակցությունը, և՛ համապատասխան ՀԿ-ի փոխգործակցությունը բանակի հետ և այլն»,- հավաստիացրեց դատախազը:
Հիշեցնենք, այս րոպեներին Ազգային Ժողովում քննարկվում է ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը: