Գործ ունենք երրորդ հանրապետության ամենամասշտաբային կոռուպցիոն բացահայտման հետ. վարչապետ
Կառավարությունը արտահերթ նիստ է գումարել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նիստի առիթը հայտնի է բոլորին: Նա հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանի տանը և նրան պատկանող տարածքներում խուզարկություններ են անցկացվել.
«Կարող ենք վստահաբար ասել, որ մենք գործ ունենք Հայաստանի երրորդ հանրապետության ամենամասշտաբային կոռուպցիոն բացահայտման հետ: Այդ բացահայտումները, բառիս բուն իմաստով, ցնցող ու շոկային են հայ հանրության համար»,-հայտարարեց նա՝ մատնանշելով ԱԱԾ հրապարակած տեսանյութը:
Նա շնորհակալություն հայտնեց ԱԱԾ տնօրենին և աշխատակիցներին, ովքեր մշակել են այս օպերացիան: Փաշինյանը նշեց, որ բոլորն էլ հասկանում են, որ այս գործողությունը մի օրում չէ, որ կազմակերպվել է, դրան նախորդել է ծավալուն աշխատանք:
«Ես հույս ունեմ, որ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով և գլխավոր դատախազությունը կապահովի գործի քննության պատշաճ մակարդակը: Մենք չենք տեսնում ոչ մի խոչընդոտ, որպեսզի այս գործի բոլոր պատասխանատուները պատասխանատվության կանչվեն՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտոններից ու կոչումներից»,-ասաց վարչապետը:
Վարչապետը հույս հայտնեց նաև, որ իրավապահ համակարգը լրջորեն կմտածի կոռուպցիայի դեմ պայքարի մասին.
«Կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու, ՀՀ-ից կոռուպցիան արմատախիլ է արվելու և որևէ մեկը չկասկածի, որ այդ նպատակին հասնելու ենք արդյունավետ քայլերով: Այժմ կարող ենք հստակ արձանագրել, որ երկար տարիներ մեր կողմից հնչեցրած պնդումները, որ հանրապետությունը սիստեմատիկ թալանվել է, արդարացվում են»,- շեշտեց Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը նաև ասաց, որ Հայաստանի իրավապահ համակարգի առաջ որևէ քրեական գործի կամ դրա քննության ճանապարհին չկա որևէ խոչընդոտ և ամենևին էական չէ ու կապ չունի, թե ով կհանդիպի այդ ճանապարհին կամ ինչ կարգավիճակ ու կոչում կունենա, քանի որ բոլորը հավասար են օրենքի առաջ: Եվ, ըստ Փաշինյանի, իրավապահ համակարգի խնդիրն է դա ոչ թե ապացուցել, քանի որ դա ապացուցվելու կարիք չունի, այլ իրագործել:
Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար:
Ըստ այդմ, կառավարությունը որոշում կայացրեց ԱԺ արտահերթ նիստ գումարել հունիսի 19-ին, ժամը 11.00-ին, որի ժամանակ կքննարկվի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը: