Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսելու ՊՆ-ում. Սանասարյան
Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները իրականացնելու է Պաշտպանության նախարարությունում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
«Մինչ այդ ԱԱԾ ու Ոստիկանության իմ գործընկերներին պետք է խնդրեմ շատ արագ պարզաբանեն հանրության այն մտահոգությունը, թե «Զինվորի բաժին» պիտակով պահածոներն ինչպես են հայտնվել այդ բորենու կենդանիների պահեստում։ Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
ՊՆ-ից գողացած ամեն մի չոփի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն. գեներալ չէ ով ուզում է լինեն։
Հ.Գ. Դուք պատկերացնո՞ւմ եք էդ պահեստը երկու տարի մաշվել է ու մնացել է էն ինչ տեսանք։
Սիրում եմ բոլոր նրանց ովքեր հասկանում են զինվորի, բանակի ու պետականության իրական արժեքը, ովքեր մերժում են զուտ կենացային հայրենասիրությունը, զինվորասիրությունը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հրապարակեց կադրեր՝ Մ. Գրիգորյանի առանձնատան ու հանգստյան գոտու խուզարկությունից: Կադրերում ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին դպրոցներից, մանկապարտեզներից աշակերտների ձեռքով հավաքված ու բերված սնունդն ու իրերն էին, մեծ քանակությամբ ռազմամթերք, ՌԴ հայ համայնքի կողմից ապրիլյան օրերին գնված շտապ օգնության մեքենան, ՊՆ՝ վաճառքի ոչ ենթակա իրեր ու սնունդ: