VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացնում։ Երեկ գիշեր, մասնավորապես, մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, անակնկալ ստուգումներ արել և ակտեր գրել։ ՊԵԿ լրատվականից հաստատեցին տեղեկությունը՝ ասելով, որ գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են, նաև գիշերային ստուգումներ են անում, բայց՝ հանրապետության բոլոր գազալցակայաններում։ Թե ինչ արդյունքներ են գրանցել ստուգողները, խոստացան ասել ավելի ուշ, երբ կամփոփեն արդյունքները, նախնական նշեցին, որ 70 գազալցակայան են ստուգել, 61-ում ՀԴՄ կտրոնների հետ կապված խախտումներ են հայտնաբերել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լավրով-Մնացականյան հանդիպման հաջորդ օրը կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ռուսական գազը թանկանա, Հայաստանը գազ կգնի Իրանից։ Բայց իրանական գազն ավելի թանկ է, քան ռուսականը, եւ այն տեղ հասցնելու խնդիրը նույնպես «Գազպրոմ Արմենիայի» իրավասության ներքո է։ Էներգետիկայի ոլորտի պաշտոնյան ասաց․ «Մենք այս պահին որեւէ հանձնարարություն չենք ստացել կառավարությունից՝ բանակցելու իրանական կողմի հետ գազի գնի շուրջ»։ Ե՞րբ կստանաք։ «Դեռ պարզ չէ․ գազի խնդրին ռուսական կողմը կանդրադառնա տարեվերջին»։ «Գազպրոմ Արմենիայում», ի դեպ, չեն բացառում գազի գնի էժանացումը․ «Տարբեր թվեր են շրջանառվում՝ 10-20 անգամ՝ 50 տոկոս, որոշում է սակագների հանձնաժողովը, բայց այդ դեպքում դա կլինի բարեգործական հիմնադրամ եւ համակարգում ներդրումների հաշվին։ Պետք է պոպուլիզմը տարանջատվի սակագնի իրական հիմնավորումից»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԼՂ խնդրում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին: Ադրբեջանը, բնականաբար, չի ցանկանում նման փոփոխություն: Դեռ ավելին՝ այս օրերին արցախաադրբեջանական զորքերի շփման գծում զորքերի կուտակում է նկատվում: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին խնդրել է մեկնաբանել իրավիճակը: «Հավանաբար այդ պատճառն էլ կա, բայց դա չի կարող միակ բացատրությունը լինել։ Ադրբեջանը երբեք չի էլ թաքցրել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը եւ ամեն մի առիթ օգտագործել է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ զորքերի ու ռազմական տեխնիկայի կուտակման համար: Այս հանգամանքը բացահայտ մարտահրավեր է, որը պետք է մտահոգի ոչ միայն հայկական կողմերին, այլեւ համանախագահ երկրներին ու բոլոր այն կառույցներին, որոնք հետաքրքրված են տարածաշրջանային կայունությամբ ու խաղաղությամբ»,- ասել է պարոն Ղուլյանը մեր թերթին տված բացառիկ հարցազրույցում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է մտնել մի ոլորտ, որն իրենը չէ. նա փորձում է «սեփականաշնորհել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները: Նախօրեին նա հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, եւ շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Միայն թե, նկատենք, նոր սահմանադրությամբ արտաքին քաղաքականության բնագավառում նախագահի լիազորությունները բավական հստակ են կարգավորված, եւ այդ կարգավորումների մեջ որեւէ բառ չկա արտաքին քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու, ըստ այդմ՝ ԼՂ բանակցային գործընթացով զբաղվելու մասին: Այս լիազորությունները պատվիրակված են ՀՀ վարչապետին ու կառավարությանը: Ու որքան էլ իշխանությունները փորձեն արդարանալ՝ ասելով, թե համանախագահներին ընդունելն արարողակարգային բնույթ էր կրում, որեւէ ետին միտք չկա, միեւնույն է, համոզիչ չի հնչում: Համոզիչ չի հնչում թեկուզ եւ այն պատճառով, որ նույն Արմեն Սարգսյանը խոսում էր սահմանադրությամբ նախագահի լիազորությունների ավելացման մասին: Եւ հետո մեկ փաստ էլ. պաշտոնական հաղորդագրությունում ոչ մի խոսք չի ասվում նաեւ այն մասին, որ այդ հանդիպման համար նա լիազորություն է ստացել ՀՀ վարչապետից կամ առնվազն, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինն է: Զավեշտալի էր նաեւ կադրերում տեսնել դռան մուտքի մոտ թաքնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, որը չգիտես՝ ինչու եւ ինչ լիազորությամբ է մասնակցում այդ անհասկանալի հանդիպմանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Ավագյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ավագյանի սեփականությունն են համարվում յոթ անշարժ գույք՝ երկու բնակարան, երկու ավտոտնակ, երկու այգետնակ ու մեկ հողամաս: Պաշտոնյան վարում է «TOYOTA COROLLA 1.6» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարագրել է նաև 12 հազար 600 դրամ արժողությամբ բաժնեմաս: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 17 միլիոն դրամ, 75 հազար ԱՄՆ դոլար ու 34 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 586 հազար 770 դրամ: Ավագյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրն է: Մինչև այս նշանակումը զբաղեցնում էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆինանսատնտեսական հարցերով պրոռեկտորի պաշտոնը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանում քաղաքացիական և վարչական մասնագիտացման գծով դատավորի թափուր տեղ կա, որը լրացնելու համար Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ 40-ից բարձր հավակնորդները, ովքեր ունեն բարձր մասնագիտական որակներ, առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, որից առնվազն 5-ը՝ դատավորի, իրավագիտության դոկտորի գիտական աստիճան կամ 10 տարի բուհում «իրավունք» դասավանդած, կամ գիտական աշխատանք կատարած լինեն, կարող են մասնակցել: Կարող են մասնակցել նաև նախկին դատավորները՝ «վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն»։ Կարող է թվալ, թե սա հնարավորություն է տալիս նախկին համակարգից տուժածներին վերականգնվել։ Այս դրույթը նոր է, և անցյալ տարեվերջին, երբ մշակվում էր օրենսգիրքը, ՀՀԿ իրավաբանների կողմից հատուկ ավելացվել է՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին վճռաբեկ դատարան բերելու և Մկրտումյանի աթոռին նստեցնելու համար։ Ապրիլին նման լուր տարածվեց, որ Արման Մկրտումյանի փոխարեն Տիգրան Մուկուչյանին են տեսնում: Այլ կերպ ասած՝ դատական օրենսգրքի այս դրույթը «կարված» է նրա վրայով։ Հիշեցնենք, որ նա 2005-2007թթ. եղել է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ, 2008-2010 թթ.՝ վարչական դատարանի, իսկ 2010-2011թթ.՝ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ։ Այսինքն՝ համապատասխանում է օրենքի պահանջներին։ «Ես արդեն ասել եմ ու էլի ասում եմ՝ դրանք ընդամենը խոսակցություններ էին, իրականության հետ կապ չունեցող»,- պատասխանեց ԿԸՀ նախագահը։ Հնարավո՞ր է, որ, որպես նախկին դատավոր, մասնակցեք վճռաբեկի դատավորների մրցույթին։ Այս հարցին Տիգրան Մուկուչյանը պատասխանեց․ «Ո՛չ մտածել եմ այդ մասին, ո՛չ էլ ուզում եմ մտածել»»։