VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` ԿԳ նախարարությունում ստուգումներ են. մանրազնին ստուգվում են նախկին նախարարների բոլոր գործերը: Մասնավորապես թիրախավորված են Արմեն Աշոտյանի պաշտոնավարման տարիներին նախարարությունում կատարված աշխատանքները: Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս հանգամանքը սարսափի մեջ է գցել Աշոտյանի թիմին, նրանք զանգահարում են իրար և մտահոգված փորձում հիշել, թե ով ինչ կասկածահարույց գործարք է կատարել: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մարտական է տրամադրված և համոզված է, որ չարաշահումներ հայտնաբերվելու են, իսկ ստուգումները անհետևանք չեն մնալու»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ նոր Հայաստանի բոլոր մակարդակի իշխանությունները Ռուսաստանի նկատմամբ շատ ուշադիր են․ նախ հունիսի 12-ին՝ «առավոտ կանուխ», ՌԴ դեսպանատուն շնորհավորելու էր գնացել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ։ Օրվա երկրորդ կեսին դեսպանատուն այցելեց Փաշինյանի պատվիրակությունը։ Երեկոյան արդեն՝ բուն ընդունելության ժամանակ, իշխանական ողջ էլիտան դեսպանատանն էր։ «Դեմքի երջանիկ արտահայտությամբ, իրար հերթ չտալով՝ մոտենում էին ՌԴ դեսպանին, շնորհավորում Ռուսաստանի օրվա առիթով, ջերմ բարեմաղթանքներ հղում բոլոր նրանք, ովքեր ժամանակին «ֆաք Պուտին» ակցիայի մասնակիցներն էին»,- ասաց միջոցառմանը մասնակցած մեր աղբյուրը»։
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մինչև թավշյա հեղափոխությունը ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինք և «Ելք» խմբակցությունները պայմանավորվածություն էին ձեռք բերել հակակոռուպցիոն հանձնաժողովի ձևավորման նպատակով ստեղծվող հանձնաժողովում ներկայացնել համաձայնեցված թեկնածու: Ձևավորվելիք հանձնաժողովը պետք է թեկնածուներից ընտրեր նրանց, ովքեր պետք է համալրեին հակակոռուպցիոն հանձնաժողովը: «Ժամանակ»-ին հատնի դարձավ, որ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները համաձայնության են եկել առաջադրել «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանին»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ռենեսանս» ռեստորանում մեծ շուքով կայացել է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Արայիկ Գրիգորյանի հարսանեկան արարողությունը, որին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը․ ԱԺ-ն՝ Արա Բաբլոյանի ղեկավարությամբ, նախկին նախարարներ, Սերժ Սարգսյանը եւ Տարոն Մարգարյանը։ Ներկաները մոտեցել-հետաքրքրվել են Երեւանի քաղաքապետից երեկ տեղի ունեցած ձերբակալությունների եւ ԱԱԾ-ի՝ «Երեւան» հիմնադրամ մտնելու մասին: Նա հանգստացրել է՝ նորմալ է, թող քննեն։ Հարսանիքի մասնակիցները գրեթե նույն եռանդով խմել են Սերժ Սարգսյանի կենացը եւ արձանագրել, որ նախկին ԱԻՆ, այժմ պաշտպանության նախարարին հատկացված սեղանը սկզբից մինչեւ վերջ դատարկ է մնացել՝ Դավիթ Տոնոյանն ու ՊՆ անձնակազմը չեն մասնակցել հարսանիքին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ-ը երեկ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` ՊԵԿ քննչական վարչությունում ՊՆ գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Նույնիսկ նշված էր, թե քրեական գործի շրջանակներում հարցաքննության են հրավիրվել մի շարք ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, շեշտված էր հատկապես Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Օհանյանը պնդել է, որ իրեն որեւէ մեկը հարցաքննության չի հրավիրել: «Այդպիսի բան չի եղել… Չգիտեմ, գուցե ուզում են կանչել: Ինձ համար զարմանալի է»,- նշել է նախկին նախարարը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրականում Օհանյանին ոչ թե հարցաքննել են, այլ հրավիրել են հարցաքննության, պարզապես ծանուցագիրը դեռ ճանապարհին է, տեղ չի հասել: Ենթադրվում է, հենց այսօր էլ նրան կհասնի ծանուցագիրը, ու նախկին նախարարը կգնա հարցաքննության»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայր Կարեն Գասպարյանը ստիպված է եղել քանդել իրեն պատկանող գազալցակայանի մի մասը: Խնդիրն այն է, որ գազալցակայանի այդ հատվածը կառուցված էր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի տակ, ինչը անվտանգության նորմերի կոպիտ խախտում է: Բայց մինչև հեղափոխությունը Կարեն Գասպարյանն անձեռնմխելի էր, իսկ հիմա պետք է հարգի անվտանգության ամենաչնչին նորմերը, և հետևելով օրենքի պահանջին՝ նախկին ոստիկանապետի եղբայրն ԱԻՆ-ից զգուշացում ստանալուց անմիջապես հետո նյութական մեծ վնասներ կրելուց բացի, իր միջոցներով ապամոնտաժել է գազալցակայանի վտանգավոր հատվածը»։
«Ժամանակ», թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի թիմում թեժ քննարկումների առիթ է դարձել երեկ Վերաքննիչ դատարանի կողմից Ժիրայր Սեֆիլյանի ու նրա համախոհների ազատ արձակման փաստը: Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, ասվել է. «Եթե ազատ ես արձակում այդ մարդկանց, ինչ երաշխիք կա, որ նրանք վաղը ապագաղութացման իրենց որդեգրած սկզբունքի շրջանակներում դուրս չեն գա բողոքելու և ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չեն ներկայացնի: Ինչ ես անելու, ոնց ես ռուսներին պատասխան տալու»: Մեր աղբյուրի փոխանցմամբ` Փաշինյանն անտեսել է իր թիմակիցների կողմից բերված փաստարկները և Սեֆիլյանի ու Գևորգ Սաֆարյանի ազատ արձակվելուց առաջ մեկնել է Ռուսաստան»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջնահերթություններից մեկը հայտարարել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը: Այդ ուղղությամբ արդեն սկսել են տեսանելի քայլեր անել: Ապացույցը ոստիկանության եւ ԱԱԾ վերջին բացահայտումներն են: Միայն թե, նկատենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը նոր կառավարությունը Հայաստանում տանում է ոչ թե համակարգված, այլ հատվածական: Մինչդեռ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդում են մասնագետները, դեռ 2015թ. Հայաստանում գործում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի ղեկավարը, կառավարության որոշման համաձայն, վարչապետն է: Կառավարության 2015թ. փետրվարի 19-ի 165-Ն որոշման համաձայն` նաեւ նախատեսված է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից անկախ փորձագիտական հանձնախմբի ստեղծումը, նրա իրավասություններն ու պարտականությունները: Սակայն նախորդ կառավարության օրոք այդ փորձագիտական հանձնախումբը, դեռ լիազորություններն ամբողջությամբ չստանձնած, լուծարվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները տեսակետ են հայտնել, որ Հայաստանում առավել արդյունավետ կլինի փորձագիտական հանձնախմբի վերականգնումն ու աշխատեցնելը, իսկ մինչ այդ վարչապետը պետք է հանդիպի խմբի անդամների հետ: Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե խորհրդի հետագա գործունեության հետ կապված ոչինչ չի կարող ասել, սակայն փոխանցեց կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: «Վարչապետը կարծում է, որ կոռուպցիան արմատախիլ անելու համար անհրաժեշտ է, որպեսզի պետության քաղաքական ղեկավարությունը ներգրավված չլինի կոռուպցիայի մեջ: Եվ քանի որ ինքը կարող է հավաստիացնել, որ ներգրավված չէ, հետեւաբար առաջին գլխավոր քայլն արդեն արված է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել մարտի 1-ի գործով նախաքննությունը: 2008թ. հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը Հովհաննես Թամամյանն էր, եւ նա դեռ 2008թ. դեկտեմբերի 12-ին հայտարարել էր. «Ստացված օպերատիվ ինֆորմացիայի վերաբերյալ ես կայացրել եմ որոշում, ստացել եմ որոշման կատարման թույլտվությունը նախարարից, ոստիկանապետից եւ առավոտյան միջոցառումն իրականացրել եմ ես»: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թամամյանն, ընդհակառակը, պնդել է, թե ինքն այդ օրերին որոշող չի եղել: «Ես չեմ ղեկավարել… Ես չեմ կարող վախենալ, որովհետեւ ես գործողություն չեմ արել, ովքեր արել են, թող մտածեն»: Նա նաեւ խորհուրդ է տվել այս հարցերով դիմել ոչ թե իրեն, այլ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին: Իսկ որ ամենաուշագրավն է, թավշյա հեղափոխության մասին խոսելիս Թամամյանն ասել է.«Շատ լավ, վերջապես այս ժողովուրդը ազատվեց»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մայիսի 11–ին փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանը երկու օր առաջ՝ հունիսի 11–ին, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը: Ավինյանը որպես անշարժ գույք է հայտարարագրել ավտոտնակ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 7 հազար ամերիկյան դոլարի չափով ներդրումներ: Դրամական միջոցները կազմել են 2475 ԱՄՆ դոլար ու 600 հազար դրամ: Տարեսկզբից մինչ մայիսի 11–ն ընկած ժամանակահատվածում էլ ստացած եկամուտները կազմել են 14 հազար 620 ԱՄՆ դոլար, որոնց բոլորի դիմաց էլ նշված է միայն՝ այլ եկամուտներ: Ավինյանն ավարտել է կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան, ունի ֆինանսների մագիստրոսի կոչում: Մինչ այս պաշտոնում նշանակվելը եղել է Երևանի ավագանու անդամ՝ «Ելք» դաշինքի ցուցակով»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները փորձել են բունտ իրականացնել ՔԿՀ-ում՝ բռնություն կիրառելով ՔԿՀ-ի մասնագետների վրա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքը կրելու ընթացքում դատապարտյալների քանակի հաշվառում իրականացնելու ժամանակ վիճաբանել է հիմնարկի հերթափոխի խմբի գլխավոր մասնագետ Թաթուլ Հակոբյանի և նույն խմբի գլխավոր մասնագետ Հրաչյա Նիկողոսյանի հետ խցի դիտանցքը ներսի կողմից չփակելու և լույսը չանջատելու վերաբերյալ: Խոսակցությունն այն աստիճան է թեժացել, որ դատապարտյալը բռնություն է գործադրել Թաթուլ Հակոբյանի, Հրաչյա Նիկողոսյանի նկատմամբ՝ նրանց հասցնելով մարմնական վնասվածքներ»:
«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական պաշտոններից, հետո նաև այսպես կոչված երկրորդ էշելոնից զատ նոր իշխանությունները ձեռնամուխ են եղել նաև նրանց պաշտոնազրկմանը, ովքեր իրենց ենթակայության տակ թեկուզ հինգ աշխատակից ունեն, այսինքն՝ տարբեր կառույցների վարչությունների ու բաժինների պետերին: Հատկապես Բաղրամյան 26–ում ու կառավարության աշխատակազմում, մեր տեղեկություններով, այդ գործընթացն ուղղակի տոտալ բնույթ է կրում, թեպետ մյուս գերատեսչություններն էլ բացառություն չեն: Ընդ որում, այստեղ արդեն խոսքը կուսակցականության մասին չէ, այլ «հնության»: Մեզ հետ զրույցում երկար տարիներ նախագահականում (հետո նաև վարչապետի աշխատակազմում), այսինքն՝ Բաղրամյան 26–ում աշխատած, չափազանց փորձառու, անկուսակցական, պատասխանատու պաշտոն զբաղեցրած աշխատողներից մեկը նշեց, որ իրեն բառացիորեն ասել են, թե իր դեմ ոչինչ չունեն, ինքն իրոք պրոֆեսիոնալ է, կարող է մեծապես օգտակար լինել: Բայց… «Բա որ դրսից գան ու տեսնեն հին դեմքեր են մնացել, ի՞նչ կմտածեն մեր մասին»,–ասել են նրան: Ու որ շատ չվիրավորվի, նույնիսկ կատակ են արել, թե «մենակ կոնյակի հինն է լավը»: Դրա համար էլ այսօր պետական կառավարման մի շարք օղակներում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, ասաց մեր զրուցակիցը»: