24.11.2024
Արտակ Սարգսյանը դուրս եկավ Հանրապետական կուսակցությունից
prev Նախորդ նորություն

Մամուլ. Նոր իրավիճակ` Բաբլոյանի, Շարմազանովի ու Հովհաննիսյանի հրաժարականը պահանջելու համար

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտնվել է խորհրդարանում կայուն մեծամասնությունը կորցնելու, ըստ այդմ, նաեւ օրենսդիր իշխանությունից զրկվելու շեմին: Այս օրերին ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել է վեց պատգամավոր: Առաջիկա օրերին մի քանիսը եւս նման հայտարարությամբ հանդես կգան: Արդյունքում 58 հոգանոց խմբակցությունում եթե այսօր 53 հոգի է մնացել, ապա առաջիկա օրերին նրանց թիվն ավելի կնվազի: ԱԺ կանոնակարգ-օրենքի չորրորդ գլխում սահմանված է, որ խմբակցությունը կամ խմբակցությունների դաշինքը համարվում է կառավարող, եթե դրանում ընդգրկված է խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 54 տոկոսը: Տվյալ դեպքում 58 պատգամավոր, քանի որ ԱԺ-ն կազմված է 105 հոգուց: Սա նշանակում է, որ նույնիսկ այս պահին, երբ ՀՀԿ-ում 53 պատգամավոր է միայն, այն արդեն կառավարող չէ: ԱԺ կանոնակարգ-օրենքը նաեւ սահմանում է, որ խորհրդարանի ղեկավարն ու տեղակալները նշանակվում եւ ետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ասել է թե` իրավական հիմքեր են ստեղծվել խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավար կազմի՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովի եւ Արփինե Հովհաննիսյանի հրաժարականը պահանջելու հարցը բարձրացնելու համար. համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի բավարար ձայներ խնդիրը լուծելու համար, եթե նման որոշում կայացնի: Ի վերջո, եթե անգամ ՀՀԿ խմբակցությունից նոր մարդիկ դուրս չգան, միեւնույն է, հնարավոր է ոմանք քվեարկեն առանց ՀՀԿ խմբակցության հետ համաձայնեցնելու, նույնիսկ` ՀՀԿ խմբակցության որոշումների դեմ: Սպասենք նոր զարգացումներին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի գործի նախաքննությունը թավշյա հեղափոխությունից հետո նոր թափ է ստացել. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր փորձաքննություններ են նշանակվել, ընդ որում, ոչ միայն ՀՀ-ում, այլեւ արտերկրում: «Հաշվի առնելով, որ մարտի 1-ի գործով նախկին փորձաքննությունները կատարվել են շուրջ 10 տարի առաջ, եւ այդ ժամանակահատվածում զարգացել են գիտատեխնիկական միջոցներն ու մեթոդները, ի հայտ են եկել փորձաքննությունների անցկացման նոր եղանակներ, ուստի մի շարք փորձաքնությունների ընթացքում օգտագործվող նոր սարքավորումների կիրառմամբ հետազոտություների անցկացման հարցը պարզելու նպատակով հարցումներ են ուղարկվել փորձագիտական հիմնարկներ, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` տեղեկացրել են ՀՔԾ-ից: Հիշեցնենք, որ մինչեւ թավշյա հեղափոխության հաղթանակն էլ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականով ՀՔԾ-ն սկսել էր ուսումնասիրել նախկին Փաստահավաք խմբի զեկույցը մարտի 1-ի իրադարձություններին բանակի ներգրավման մասին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է երրորդ ժամկետն անընդմեջ և ցանկություն ուներ վերընտրվել նաև 2020թ. նախագահական ընտրություններում, հիմա այլևս հասկանում է, որ պետք է իրավահաջորդ գտնի: Սահակյանը կորցրել է իր վաղեմի ազդեցությունը ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև Երևանում: Եթե նախկինում նա ակտիվորեն միջամտում էր Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ լուծելով իշխանության համար կարևորագույն հարցեր, թավշյա հեղափոխությունից հետո ինքն է ակնկալում Հայաստանի իշխանության միջամտությունը՝ իր դիրքերն ամրապնդելու հարցում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, այն, ինչ այս օրերին կատարվում է ՀՀԿ–ում, իրականում ոչ միայն անակնկալ չէ, այլ հենց այդ կուսակցության նախագահի՝ Սերժ Սարգսյանի ծրագրի մի մասն է: Ընդ որում՝ շարունակական մասը: Բացառությամբ Շիրակ Թորոսյանի եւ Ֆելիքս Ցոլակյանի, մյուս բոլոր ՀՀԿ– ականները, ովքեր լքում են ու դեռ կլքեն խմբակցությունը, դա անում են բացառապես Սերժ Սարգսյանի իմացությամբ, ավելին՝ հանձնարարությամբ: Բանն այն է, որ դեռ մայիսի 8–ի քվեարկությամբ ՀՀԿ ղեկավարը նպատակ է ունեցել Նիկոլ Փաշինյանի վարչապետությունն ապահովել բացառապես գործարար պատգամավորների ձայներով: Որպես շարունակություն՝ որոշվել է գործարար հատվածին դուրս բերել ՀՀԿ խմբակցությունից, որպեսզի որպես անկախ պատգամավորներ կողմ քվեարկեն կառավարության բերած նախագծերին: Այսպիսով լուծվում է մի քանի հարց. այդ գործարարները պահում են իրենց բիզնեսները, ամեն անգամ կարիք չի լինի որոշում կայացնել ՀՀԿ խմբակցությունում, թե ովքեր պիտի կողմ քվեարկեն, ովքեր՝ դեմ, որպեսզի չտապալվեն օրենսդրական նախաձեռնությունները, եւ ամենակարեւոր երկու հարցերը, այն է՝ Սերժ Սարգսյանի ծրագիրն է՝ այսպիսով կուսակցությունը մաքրել նման դեմքերից՝ թողնելով բացառապես, այսպես կոչված, քաղաքականներին, իսկ ահա գործարարներին դարձնել Փաշինյանի փաստացի հենարան: Այս պարտիան, ըստ էության, տեղավորվում է արտահերթ ընտրություններին պատրաստվելու տրամաբանության մեջ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը կասեր, ոչ պակաս «աստվածավախ զորավար է», որքան իր նախորդը։ Ասում էին, որ Վովա Գասպարյանն աշխատասենյակի անկյունում սրբապատկերներով, Աստվածաշնչով փոքրիկ «մատուռ» ուներ, որ ցանկացած պահի հաղորդակցվեր Բարձրյալի հետ։ Մեր լրագրողն Օսիպյանից հետաքրքրվել է՝ պահպանե՞լ է արդյոք Գասպարյանի «մատուռը», թե՞ հեղափոխությունը սրբել-տարել է նաեւ այդ անկյունը։ «Ես իմն ունեմ ու կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ քրիստոնյա պետք է ունենա»,- ասել է Օսիպյանը՝ պարզաբանելով, որ իրենը ոչ թե «մատուռ» է, այլ սրբապատկերներով եւ Աստվածաշնչով անկյուն»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երկրապահ կամավորականների միությունը, որը 1993թ. ստեղծվել է Վազգեն Սարգսյանի կողմից, հիմա հայտնվել է իր համար շատ անսովոր վիճակում: ԵԿՄ-ն, որը միշտ եղել է իշխանությունների հետ ու իշխանության հենարանը, որեւէ կապ չունի Հայաստանի նոր իշխանության հետ: Չնայած ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի այն հայտարարություններին, որ ինքը հանրապետական չէ, Գրիգորյանը դիտարկվում է որպես նախորդ իշխանության ներկայացուցիչ: Մինչդեռ ԵԿՄ-իշխանություն կապը պետք է վերականգնվի, որովհետեւ դա անհրաժեշտ է երկուստեք: Դա կարող է լինել, եթե նախկինում ԵԿՄ-ից առանձնացած «Ոգու փորձություն» կազմակերպությունը կրկին վերամիավորվի ԵԿՄ-ի հետ, իսկ «Ոգու փորձություն» ՀԿ վարչության փոխնախագահ Սասուն Միքայելյանը ընտրվի ԵԿՄ նախագահ: Սա տարբերակներից միայն մեկն է, բայց ոչ միակը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորների շրջանում դժգոհություն է հասունանում ԲԴԽ-ից: Նրանք նշում են, որ ԲԴԽ-ն իրենց պատժող, վերահսկողի դեր է ստանձնել, որեւէ բան չեն քննարկում, աջակցում: Միաժամանակ նշում են, որ թավշյա հեղափոխության արդյունքում Գագիկ Հարությունյանի դիրքերը մի քիչ թուլացել են, փոխարենը այժմ ակտիվություն է ցուցաբերում ԲԴԽ-ի փաստաբան անդամ Հայկ Հովհաննիսյանը: Նա ժողովների ժամանակ բավականին ակտիվ է, վիճում է, փորձում ընդդիմություն ստեղծել ԲԴԽ-ում եւ ՀՀԿ-ի հովանավորյալ անդամներին ճնշել: ԲԴԽ-ի շուրջ դժգոհություն է հասունացել նաեւ՝ կապված Արդարադատության ակադեմիան ավարտած եւ ամենաբարձր միավորներ հավաքած թեկնածուներին դատավոր չնշանակելու հետ: Որոշել են ամենաբարձր միավորներ ստացածներին չնշանակել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին փոխելու մասին խոսակցություններ կային վերջին բոլոր տարիներին։ Ասում էին՝ Սերժ Սարգսյանը հարմար թեկնածու չի գտնում, դա է Մկրտումյանի երկարակեցության պատճառը։ Երեկ նա հրաժարականի դիմում է ներկայացրել, եւ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է նշանակում անի այս կարեւոր պաշտոնում։ Բայց Հայաստանում նման նշանակումները, ըստ ընդունված ավանդույթի, համաձայնեցվում են գործադիր իշխանության հետ։ Ում կնշանակեն վճռաբեկի նախագահ, դեռ պարզ չէ։ Առայսօր կային 2-ի՝ վճռաբեկի քաղաքացիական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի եւ նույն պալատի դատավոր Գոռ Հակոբյանի թեկնածությունները»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի գյուղացիությունը բողոքում է, որ այս տարի կեռասի բերքը հնարավոր չեղավ իրացնել, որովհետև արտահանմամբ զբաղվող խոշորագույն «Սպայկա» ընկերությունը կարծես թե բոյկոտում է գյուղացիությանը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ «Սպայկան» այս տարի որոշել է չզբաղվել գյուղմթերքի գնմամբ և իրացմամբ, ինչը շուկայում լճացում և գների անկում է առաջացնում: «Սպայկան» վերջին տարիներին ամբողջությամբ իր վրա էր վերցրել Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի գնումն ու իրացումը Ռուսաստանում։ Մեր տեղեկություններով՝ «Սպայկա» ընկերությունը իր ողջ ներուժը որոշել է կենտրոնացնել Աբխազիայում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ստանձնելով պաշտոնը, հայտարարեց կրթական համակարգն ապակուսակցականացնելու եւ այնտեղ կոռուպցիան վերացնելու մասին: Արդեն նա հասցրել է մեկ դեպքով դիմել ԱԱԾ: Բայց կարծիք կա, որ եթե շարունակի իրավապահներին դիմելու պրակտիկան, ապա ինքնըստինքյան խնդիր կդառնա: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` նախարարը երեկ մեկնաբանել է. «Մեզ համար ինքնանպատակ չէ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը բերել դպրոցներ։ Մեզ համար ինքնանպատակ չէ կոռուպցիան վերացնելը։ Եթե համապատասխան փաստեր կլինեն, իհարկե, դրանցով պետք է զբաղվեն իրավապահները։ Բայց պետք է բոլորն իմանան, որ այսուհետ օրենքը խստիվ պահվելու է»։ Միաժամանակ նա ասել է, թե կոռուպցիայի դեմ պետք է պայքարել` կրթական համակարգում աշխատավարձերը բարձրացնելով: «Բայց դա արդեն կապված կլինի հաջորդ տարվա բյուջեի հետ»,- ասել է նա»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Համաձայն հայտարարագրի՝ Գրիգորյանը նախորդ տարի երկու նոր անշարժ գույք է ձեռք բերել՝ ավտոտնակ ու բազմաբնակարան բնակելի շենք: Մինչ այդ պաշտոնյան արդեն իսկ ունեցել է մեկ բնակարան եւ երկու հողամաս: Ավտոտնակը գնվել է 1 միլիոն 710 հազար դրամով, իսկ բազմաբնակարան շենքը՝ մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը, 31 միլիոն 134 հազար դրամով: Բանկային հաշիվներին որպես դրամական միջոցներ ունեցել է չորս տարբեր արժույթներով արտահայտված գումար: Այսպես, 2017 թ. վերջին նա ունեցել է 16 միլիոն 800 հազար դրամ, 28 հազար 500 ԱՄՆ դոլար, 7200 եվրո ու 124 հազար ռուսական ռուբլի: Ի դեպ, տարեսկզբին ունեցել է նաեւ 1500 վրաական լարի, որն ամբողջությամբ ծախսվել է: Տարեկան եկամուտները կազմել են 8 միլիոն 211 հազար դրամ, որից 44 հազար դրամը ստացված փոխառություններ են, իսկ մնացածը՝ աշխատավարձ»: