ՀՀ կայունությունը և ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր է Վրաստանի համար. Կվիրիկաշվիլի

385

Պարո՛ն վարչապետ, թանկագի՛ն Նիկոլ. նախ և առաջ ուզում եմ ողջունել մեր հարգելի հյուրին, Հայաստանի վարչապետին, ով առաջին պաշտոնական այցով Վրաստանում է: Խորհրդանշական է, որ Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցը Վրաստան իրականացվեց հենց այն ժամանակ, երբ մենք համատեղ նշում ենք մեր հանրապետությունների անկախության հռչակման հարյուրամյա հոբելյանը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:


«Երկու երկրների համար այս պատմական երևույթը տեղի է ունեցել հենց մեր քաղաքում՝ Թբիլիսիում: 100 տարի առաջ վրաց և հայ ժողովուրդները, անկախ բազմաթիվ մարտահրավերներից և բարդություններից, ցուցաբերեցին առանձնահատուկ մարտունակություն և զարգացման ժողովրդավարական ուղու նկատմամբ իրենց նկրտումը: Վրաստանին և Հայաստանին միմյանց են կապում բազմադարյա բարիդրացիական ավանդույթներ, ինչն արտացոլվել է այսօրվա գործընկերային համագործակցության մեջ: Խորհրդային միության փլուզումից հետո վերականգնելով անկախությունը՝ մենք կարողացանք զարգացնել փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ վստահության վրա: Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր է Վրաստանի համար, և հենց այդ պատճառով էլ Վրաստանում մեծ ուշադրությամբ էին հետևում բարեկամ Հայաստանում վերջին ժամանակներս տեղի ունեցած իրադարձություններին, երբ հայ ժողովուրդն ողջ աշխարհին ցույց տվեց միասնության և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ իր հավատարմությունը: Օգտվում եմ առիթից և շնորհավորում իմ թանկագին հյուրին՝ այս պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: 


Նա ևս մեկ անգամ ևս հավաստել է Վրաստանի կառավարության և անձամբ իր պատրաստակամությունն ապագա արդյունավետ համագործակցության հարցում: Նա նշել է, որ այսօր քննարկել են բոլոր հիմնական ուղղությունները, ընդգծել ձգտումները՝ ունենալու ինտենսիվ քաղաքական երկխոսություն: Շոշափել են նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, ընդգծել տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր: Չնայած արդեն առկա ինտենսիվ համագործակցությանը, Կվիրիկաշվիլին նշել է, որ առկա է գործակցության մեծ ներուժ բազմաթիվ ուղղություններով:

«Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարեցինք տարածաշրջանում գոյություն ունեցող մարտահրավերներին և ընդգծեցինք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության կարևորությունը: Շոշափել ենք նաև մեր երկու երկրների գերատեսչությունների միջև հարաբերությունների խորացումը, ինչպես նաև կարևորել տնտեսական համագործակցության հանձնաժողովի գործունեությանը, նոր աշխատանքային խմբերի ստեղծմանն ուղղված հարցեր: Առաջիկայում կանցկացվի վերը նշված հանձնաժողովի նիստ, առանձնացրել ենք այն հիմնական ուղղությունները, որոնց նկատմամբ հանձնաժողովը պետք է կենտրոնացնի ուշադրությունը: Համաձայնության եկանք այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա կկառուցվի ապագա աշխատանքի օրակարգը: Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաև հարավային Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա տեղի բնակչության հետ: Վրաստանի հայ քաղաքացիներն ակտիվորեն ներգրավված են երկրի կառուցման գործում, ինչը բազմազգ Վրաստանի միասնականության հստակ փաստն է: Վրաստանի բնակչությունն, անկախ ազգային պատկանելությունից, ծառայում է ընդհանուր նպատակին՝ Վրաստանի հզորացմանը, տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը»,- հավելել է նա:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...