Ձեր այցը նոր երանգ կհաղորդի հայ-վրացական հարաբերություններին. Մարգվելաշվիլի
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։
Ողջունելով ՀՀ վարչապետին՝ Գիորգի Մարգվելաշվիլին բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքները և նշել, որ քննարկված հարցերն ու նախաձեռնությունները խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
«Ուրախ եմ հանդիպելու Հայաստանի ժողովրդավար վարչապետին: Հույս ունեմ, որ Ձեր այցը նոր երանգ կհաղորդի հայ-վրացական հարաբերություններին, որոնք ունեն բազմադարյա պատմություն»,- ասել է Վրաստանի նախագահը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում պարոն Մարգվելաշվիլիին հանդիպելու և երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման հեռանկարները քննարկելու հնարավորության համար:
«Ուրախ եմ, որ իմ այցը Վրաստան կայանում է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումների ֆոնին, համոզված եմ, որ ժողովրդավարությունը մեր երկրների համար ունի կենսական նշանակություն: Մեր ժողովուրդների համոզմունքը երկկողմ հարաբերություններում հիմնված է սիրո և համերաշխության վրա, և մենք ջանքեր չենք խնայի դրանց նոր թափ հաղորդելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպման ընթացքում կկարողանան ուրվագծել միջպետական համագործակցության զարգացման նոր հնարավորություններ:
Վարչապետը նշել է, որ 2018 թվականը Հայաստանի համար չափազանց հագեցած է մասշտաբային միջոցառումների տեսանկյունից և հույս հայտնել, որ Գիորգի Մարգվելաշվիլիին հանդիպելու ևս մեկ առիթ կլինի աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում: