ԱՄՆ-ն մտադիր է տարբեր երկրներից բաղկացած կոալիցիա ստեղծել ընդդեմ Իրանի
Միացյալ Նահանգները մտադիր է աշխարհի բազմաթիվ պետությունների մասնակցությամբ մեծ կոալիցիա ձևավորել Իրանի, պաշտոնական Վաշինգտոնի համոզմամբ, ապակայունացնող դեր ունեցող կառավարությանը դիմակայելու համար: Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Հիզեր Նոյերթը:
«Միացյալ Նահանգները հաստատակամ աշխատելու է կոալիցիա ստեղծելու ուղղությամբ: Այն տարբերվելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի նպատակով ստեղծված կոալիցիայից»,-ասել է Պետքարտուղարության խոսնակը:
Նա մանրամասնել է, որ անդամակցող երկրներն ուսումնասիրելու են իրանական ռեժիմի գործողությունները՝ դրանք դիտարկելով ոչ միայն միջուկային գործարքի, այլև իրական ժամանակի տեսանկյունից:
Նոյերթն ընդգծել է, որ խոսքը ոչ թե հակաիրանական կամ իրանցի ժողովրդի դեմ ուղղված կոալիցիայի մասին է, այլ իրանական ռեժիմի ու դրա գործողությունների դեմ ուղղված համախմբման:
Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից և որ ԱՄՆ-ն կրկին պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ:
Իրանն ու «միջնորդ վեցյակը» 2015թ. հուլիսի 14-ին պատմական համաձայնության էին եկել իրանական միջուկային երկարամյա խնդրի կարգավորման հարցում. Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր է ընդունվել, որի իրագործմամբ վերացվում են Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները: