25.11.2024
ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ տարածաշրջանում լարվածության աճի կհանգեցնի. Պեսկով
prev Նախորդ նորություն

Մոլդովան կստանա ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ. Սոչիում ընթանում է ԵԱՏՄ գագաթաժողովը

Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են անդամ-պետությունների ղեկավարները: Նիստին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նրան նիստի մեկնարկին գործընկեր պետությունների ղեկավարներին ներկայացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու շնորհավորեց վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նիստը մեկնարկել է ԵԱՏՄ անդամ-երկրների ղեկավարների համատեղ լուսանկարով, որից հետո սկսվել է նեղ կազմով հանդիպումը, դրան կհաջորդի լայն կազմով հանդիպումը։ Օրակարգում 12 հարց է։ Ռուսաստանը 2018-ին ԵԱՏՄ նախագահող երկիրն է։


Քննարկման առանցքում են ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծմանն ուղղված ջանքերի ավելացումը, արտադրական կապերի ու կոոպերացիաների զարգացումը, ֆինանսական քաղաքականության մերձեցման կուրսը: Բացի այդ, Կրեմլում առաջարկում են կառուցել նոր, արդյունավետ տրանսպորտային շղթաներ: Կողմերը պետք է նաև քննարկեն կազմակերպությունում դիտորդ-պետության կարգավիճակի մասին նախագծի հաստատումը: Տվյալ կարգավիճակը, ինչպես ակնկալվում է, Սոչիում տրվելու է Մոլդովայի Հանրապետությանը: Առաջնահերթություններից մեկն էլ համարվում է թվային օրակարգը: Ռուսաստանն առաջարկելու է միանգամից մի քանի նախագծեր համացանցային առևտրի և թվային միջանցքների ստեղծման ոլորտում:


Նիստի ընթացքում նախատեսված է փաստաթղթերի ստորագրում:


ՌԴ նախագահ Պուտինի անունից ի պատիվ ԵԱՏՄ անդամ-պետությունների ղեկավարների կտրվի ոչ պաշտոնական ճաշ:


Սոչիում ընթացող ԵԱՏՄ գագաթնաժողովը անդամ-պետությունների երկրի ղեկավարների առաջին հանդիպումն է 2018-ին։ ԵԱՏՄ բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, որի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։


Նիստին մասնակցում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդ երկրի առաջնորդ։ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պատմական է որակել իր երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Բիշքեկում ընդունված որոշումը նախորդ տարվա ապրիլին, երբ Մոլդովան արտահայտել է հետևյալ դիրքորոշումը.


«Սկզբունքային որոշումն ընդունված է. Մոլդովայի Հանրապետությունը կստանա Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ երկրի կարգավիճակ: Սա պատմական օր է Մոլդովայի համար»:


Ռուսաստանը Տաջիկստանին ևս առաջարկել է դիտորդ երկրի կարգավիճակ ստանալ, որը չի ենթադրում անդամակցություն ԵԱՏՄ-ին, բայց նպաստում է տնտեսությունների փոխկապվածությանն ու փոխադարձ առևտրաշրջանառությանը։