Պուտինը չորրորդ անգամ ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը
Ավարտվեց Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը: Նա իր քաղաքական կարիերայում չորրորդ անգամ ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը սկսվեց Մոսկվայի ժամանակով 12:00-ին եւ տեւեց մեկ ժամից քիչ ավելի: Այն անցավ Կրեմլի Անդրեեւյան դահլիճում:
Իրադարձության հանդեպ, բնականաբար, մեծ էր ուշադրությունը ԶԼՄ-ների կողմից: Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր պետական մի շարք հեռուստաալիքների կողմից, իսկ մի քանի ռադիոկայան ուղիղ ռադիոհեռարձակում էր ապահովում:
Արարողությանը ներկա էին հազարավոր հյուրեր՝ պետական, ռազմական, մշակույթի եւ սպորտի գործիչներ, արտերկրի դիվանագիտական ներկայացուցիչներ: Հյուրերի թվում էին ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի տիկին Նաինա Ելցինան, երաժիշտ Յուրի Բաշմետը, ռեժիսոր Կարեն Շահնազարովը, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը եւ այլոք:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի ընտրությունը տեղի են ունեցել մարտին: Պուտինը ստացել էր քվեների 76,7% -ը: Վերջին 18 տարիներից 14-ը Պուտինը անցկացրել է ՌԴ նախագահի պաշտոնում: Պուտինի նախագահական այս ժամկետը տեւելու է 6 տարի՝ մինչեւ 2024 թ.: