Ո՞ւմ հավատալ՝ ընդդիմադիր գործչի, թե՞ վարչապետի թեկնածուի հայտարարություններին. Շարմազանով
Քիչ առաջ ԱԺ-ում մեկնարկեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության հետ: Ի տարբերություն նախորդ երկու խմբակցությունների հետ հանդիպումների, ՀՀԿ հետ հանդիպումն անցկացվում է լրագրողների ներկայությամբ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր խոսքում հետաքրրքվեց՝ ո՞ւմ հավատալ՝ Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր գործչին, թե՞ Նիկոլ Փաշինյան վարչապետի թեկնածուին: Ըստ նրա՝ նախկինում և այսօր հնչեցրած հայտարարություններում մեծ է տարբերությունը և դա իրե մտահոգում է.
««Ելք» խմբակցությունը տարիներ շարունակ քննադատել է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը, երբեմն շատ խիստ: Դուք և «Ելք» խմբակցությունը մեզ քննադատել եք ԵԱՏՄ-ին անդամակցելու համար և նախաձեռնել այդ միությունից դուրս գալու գործընթաց և համարել եք, որ դա ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն սխալներից մեկն է: Բայց այժմ դուք նշում եք, որ վարչապետ ընտրվելու պարագայում Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից: Ուզում եմ հարց տալ՝ հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունենք. այն, որ Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր գործիչն ասում է, որ ԵԱՏՄ-ից պիտի դուրս գանք, թե՞ Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածուի, որ ասում է, որ չպետք է դուրս գանք»,- հետաքրքրվեց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գաղտնի չէ, որ ինքն անձամբ դեմ է քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, ինչը նշանակում է, որ ինքը դեմ է եղել այդ գործընթացին: Բայց այնուամենայնիվ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և լինելով քաղաքական ու պետական գործիչներ պետք է հաշվի նստել իրողությունների և փաստերի հետ.
«Բայց ես նաև ԱԺ-ում դեմ եմ քվեարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանն այն պատճառաբանությամբ, որ հատկապես արտաքին քաղաքական բնագավառում կտրուկ շրջադարձները շատ վտանգավոր կարող են լինել երկրի համար»,- արձագանքեց Փաշինյանը:
Նրա խոսքով, քաղաքական ու պետական գործիչները պետք է առաջնորդվեն ոչ թե իրենց քմահաճույքներով, այլ երկրի ազգային շահերով և ձեռնարկեն գործողություններ, որոնք բխում են երկրի ազգային շահերից:
«Երբ դու ընդդիմության ներկայացուցիչ ես, ապա հնարավորություն չունես խնդիրները, որոնք կապված են, օրինակ, ԵԱՏՄ հետ, քննարկել գործընկերներիդ հետ ուղիղ և տվյալ դեպքում ընտրվում է գործիքակազմ այդ հարցերը հնարավորինս բարձրացնելու համար: Իսկ երբ դու իշխանություն ես, կա հնարավորություն այդ բոլոր հարցերը դասակարգել և քննարկել գործընկերներիդ հետ համբերատար, փոխադարձ հարգանքի մթնոլորտում և մենք այդպես էլ կվարվենք, եթե մենք դրանով զբաղվենք»,- ասաց նա ու կրկնեց, որ իր վարչապետ ընտրվելու պարագայում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման հարց չի բարձրացվելու:
Էդուարդ Շարմազանովն իր արձագանքում նշեց, որ Փաշինյանն իրեն չհամոզեց, քանի որ այն կարծիքը չի կիսում, թե ընդդիմության ներկայացուցչի խոսքը պակաս պատասխանատու պետք է լինի, քան իշխանության: Եվ այն կարծիքին չէ, որ միայն իշխանությունը պետք է առաջնորդվի պետական շահերով.
«Իմ կարծիքով, գործչի արտաքին և ներքին քաղաքական պլատֆորմը պետք է լինի հստակ: Եվ դուք այս պահին շատ լավ ապացուցեցիք, որ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը բխում է Հայաստանի արտաքին և պետական շահերից»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Չցանկանալով բանավեճի մեջ մտնել նրա հետ Փաշինյանն ասաց, որ ուղղակի արձանագրեց, որ պետական և քաղաքական գործիչները պարտավոր են հաշվի նստել իրողությունների հետ: