Որքան երկարի այս վիճակը, այնքան Բաքուն կարող է գայթակղվել ու սրացումների գնալ. Ռուստամյան
Մենք մեր տեսակետը նախապես ասել ենք, որ այս փուլում՝ առաջադրվելու պարագայում, սատարելու ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Դաշնակցությունը միշտ եղել է միակամ: Այս մասին ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մենք շատ հստակ հասկանում ենք, որ վարչապետ դառնալուց հետո նոր իրավիճակ է առաջանալու Հայաստանում և այդ իրավիճակի մասին ենք խոսել: Բացի այս հանդիպումը ես երկու անգամ արդեն հանդիպել էի Նիկոլ Փաշինյանի հետ և մեզ համար սկզբունքային մի քանի հարցերի հետ կապված խոսակցություն ունեցել ենք: Եվ բովանդակային առումով մեր մոտեցումներում տարբերություններ լուրջ չունենք»,- հայտարարեց Ռուստամյանը:
Չցանկանալով շատ բացել փակագծերը, Ռուստամյանն ասաց, որ այդ սկզբունքային մոտեցումները վերաբերում են ՀՀ արտաքին քաղաքականության և ներքին քաղաքականության ուղղություններին, և այդ մոտեցումների համադրությունը ցույց է տվել, որ լուրջ տարաձայնություններ չկան: Բացի այդ, կարևոր է նաև չմոռանալ ղարաբաղյան հակամարտության մասին, քանի որ որքան երկարում է չհանգուցալուծված վիճակը Հայաստանում, այնքան Ադրբեջանը կարող է գայթակղվել և սրել իրավիճակը Արցախում:
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջին, Ռուստամյանը նշեց, որ ամեն բան պետք է արվի ըստ Սահմանադրության, քանի որ «չենք կարող Սահմանադրությունը ծալենք դնենք մի կողմ և խոսենք ցանկություններից»: Եվ դա վերաբերում է նաև արտահերթ ընտրությունների անցկացմանը ըստ Մայր Օրենքի դրույթների.
«Ժամկետները պետք է լինեն ողջամիտ, պետք է միացին, համախոհությամբ այդ խնդիրը լուծել: Մենք պետք է այնպիսի ընտրություններ անցկացնենք, որ բոլորը կարողանան մասնակցել և որի արդյունքները որևէ մեկը կասկածի տակ չկարողանա դնել: Իսկ դրա համար անհրաժեշտ են նախապատրաստական քայլեր, որոնք այսօր կատարված չեն»,- ընդգծեց դաշնակցական գործիչը:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ևս համաձայն է, որ այս ամենը հնարավորինս արագ ընտրություն անցկացնելը չէր: Ամենաարագ տարբերակը, հիշեցրեց նա, որևէ մեկի համար ընդունելի չէ՝ դա վարչապետ չընտրելն է, բայց դա ճիշտ ճանապարհը չէ.
«Արտահերթ ընտրությունների պետք է գնալ նախապատրաստված, այս պահին դա չկա: Ոչ ոք այսօր չի կարող ասել, թե ինչքան ժամանակ է պետք Ընտրական օրենսգրքի փոփոխության համար»,- հավելեց Ռուստամյանը: