26.11.2024
Մենք պահանջում ենք ՀՀԿ-ի անվերապահ, առանց նախապայմանների կապիտուլյացիան. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ. ՀՅԴ-ն դուրս է գալիս կոալիցիայից

ՀՅԴ-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քաղաքական ներկա իրավիճակում ճիշտ է համարում դադարեցնել իշխանական կոալիցիային իր մասնակցությունը:


«Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը: Բարեբախտաբար, մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագույն տարբերակներից: Անցնող օրերի ընթացքում ՀՅ Դաշնակցությունը հետևողական ջանքեր է գործադրել համախոհության ձևավորման, երկխոսության միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի և ողջամիտ լուծում գտնելու ուղղությամբ:


Այսպես սակայն երկար չի կարող շարունակվել: Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրականության և օրենքների շրջանակներում:


Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին: Առ այդ, Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձեւավորած կառավարության մշակած՝ պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի՝


ա) լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը,
բ) հաղթահարել քաղաքական ճգնաժամը,
գ) հստակ առաջնահերթություններ նախանշելով երաշխավորել կուտակված խնդիրների լուծումը,
դ) լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - ասված է տարածած հայտարարության մեջ: