Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ. Կարեն Կարապետյան
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդես է կել ընդդիմության առաջնորդ Նիկոլ Պաշինյանի հետ ապրիլի 25-ին սպասվող բանացությունների չեղարկման վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասված է, որ նա դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
«Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար:
Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել:
Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը 11 օր տեւած հակառավարական մասսայական ցույցերից հետո հրաժարական տվեց վարչապետի պաշտոնին:
Այնուհետեւ հրաժարական ներկայացրեց կառավարությունը, իսկ վարչապետի լիազորություններն իրականացնում են Կարեն Կարապետյանը: Այժմ ընդդիմությունն ու իշխանությունը բանակցելու են իշխանության անցնցում փոխանցման շուրջ: